Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/114

Այս էջը հաստատված է

ասեն, թե՝ ա՛յ, տեսա՞ք, մի որբ ունեին, չպահեցին, դուրս արին, որ այսօր ստիպված է գյուղերն ընկնել ապրուստի միջոց ճարելու համար։ Ես զարմանում եմ, որ դու այդ մասին իսկի չես մտածում։

— Չեն ասիլ, չէ, մի վախենար։

— Չե՜ն ասիլ, չէ՜... որ ասե՞ն։

— Չեն ասիլ, որովհետև ամենքը գիտեն, որ մենք նրան մեր հարազատ որդու պես ենք պահել, և այնքան ճանաչում են նրան, որ կհասկանան, թե ինչու է նա գյուղը գնում վարժուհու պաշտոնով։

— Ես չեմ հասկանում, ուրիշը որտեղի՞ց կարող է հասկանալ։

— Ա՛յ, ես քեզ իսկույն կբացատրեմ։

— Հա՛, հիմա դու գնա ուրիշներին էլ բացատրիր, թե բանն այդպես չէ, այլ այսպես է։

Մարությանն այլևս չկարողացավ զսպել իրեն. նա էլ իր հերթին բարկացավ կնոջ վրա։

— Դե, երբ որ այդպես է,— բացականչեց նա,— մեր որդու համար էլ պետք է ասեն է՛լի, թե՝ չկարողացան պահել, դուրս արին, որ գլուխն առավ կորավ։

— Ասում են, բաս չե՞ն ասում։

— Գլուխները քարերով են տալիս, որ ասում են։ Այստեղ գործ կա, ձգտում կա, նպատակ կա. ա՞յդ ինչու չեն ասում։ Ամենքի ասեկոսեին որ ականջ դնենք, այդ ո՞ւր կգնա։

— Դու այդպես ես ասում, բայց հենց այդ ասեկոսեն է, որ մարդու տուն է քանդում։

- Իսկի էլ չի քանդում։ Քեզպեսներն են, որ ասեկոսեներին նշանակություն տալով, կարծում են, թե այս է՝ տունները քանդվեց գնաց։ Փոխանակ ուրախանալու և պարծենալու, որ Աշխենի պես լավ ձգտումների տեր մի որբ աղջիկ ես պահել մեծացրել, դու ինչ-որ հիմար ասեկոսեների մասին ես մտածում և ուզում ես արգելք լինել նրա ամենալավ ձգտումներին։ Նա մեր անունը բարձրացնում է, և ոչ թե խաղք ու խայտառակ անում։

— Դե, դու որ այդպես ես խոսում, ես էլ ի՞նչ ասեմ,— նկատեց Թեկլեն և, սաստիկ ջգրած, դուրս գնաց, դուռը պինդ շրխկացնելով ետևից։