Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/115

Այս էջը հաստատված է

Եվան, որ մի կողմ քաշված՝ ամենայն ուշադրությամբ լսում էր հոր ու մոր միջև տեղի ունեցող այդ խոսակցությունը, մոր դուրս գնալուց հետո մոտեցավ հորը և լուռ համբուրեց նրան։

Հոր ու մոր միջև տեղի ունեցած այդ խոսակցությունը Եվան պատմեց Աշխենին։ Աշխենն ուրախացավ, որ նա իրեն ազատել էր հորեղբորն ու նրա կնոջն իր տալիք ծանր բացատրությունից։ Նա տեսավ, որ ամեն ինչ կատարվում էր այնպես, ինչպես կանխատեսել էր ինքը. հորեղբայրը համակրում էր իրեն, նրա կինը հակառակ էր, իսկ Եվայի հետ արդեն վերջացրել էր բանը։ Այժմ մնում էր միայն ձևական թույլտվությունը խնդրել Մարության ամուսիններից և Մինասյանի հետ ճանապարհ ընկնել:

Բայց այդ ձևական թույլտվությունը խնդրելուց էլ նա ազատ մնաց, որովհետև նույն օրն ևեթ Մարությանը նրա մենակ եղած ժամանակ մտավ նրա սենյակը և ասաց իրեն ոչ-հատուկ լրջությամբ.

— Եվան ասաց, որ վճռել ես վարժուհի լինել և այդ նպատակով գյուղ ես գնում, ճի՞շտ է։

— Այո, հորեղբայր,— պատասխանեց Աշխենն անհամարձակությամբ, մի բան, որ երբեք չէր պատահել Մարությանի հետ խոսելիս։ Նա նայեց հորեղբոր լուրջ, մինչև անգամ սառը դեմքին և զգաց, թե հանցավոր է նրա առաջ։

— Լավ, երբ որ այդպիսի մի բան մտադրում և վճռում էիր, ինչո՞ւ մի անգամ, գեթ ձևի համար, խորհուրդ չհարցրիր մեզնից,— նկատեց Մարությանը, աշխատելով կարելույն չափ մեղմ արտահայտություն տալ իր խոսքերին։— Փառք աստծո, օտար չենք, և մեր խորհուրդը եթե օգտակար չլիներ, կարծում եմ, վնասակար էլ չէր լինիլ։ Համաձայնիր, որ դա վիրավորական է մեզ համար։ Դու վարվել ես այնպես, որ ուզենք, չուզենք, պետք է կարծենք, թե մեզ... բանի տեղ չես դրել։

Աշխենը նկատելի կերպով կարմրեց։

— Ներեցեք ինձ, հորեղբայր,— ասաց նա, աչքերը վայր թողած, բայց հանգիստ և հաստատուն ձայնով։— Ես կատարելապես զգում եմ, որ այնպես չեմ վարվել, ինչպես հարկն