Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/116

Այս էջը հաստատված է

էր, բայց բանի տեղ չդնել... Դուք այդ խոսքերը չպետք է արտասանեիք, հորեղբայր... Այդ շատ ծանր մեղադրանք է ինձ համար...

— Լավ, լավ, մի հուզվիր այդպես։ Ես ներողություն եմ խնդրում և ետ եմ վերցնում իմ խոսքերը։

— Ախ, ո՛չ, ինչպե՞ս կարելի է... ես խո այդ չէի՞ ուզում ասել։ Ես ուզում էի խնդրել միայն, որ ինձ խնայեք և իզուր չդատապարտեք։ Ես, իհարկե, պարտավոր էի մտադրությունս հայտնել ամենից առաջ ձեզ։ Բայց եթե մինչև այժմ այդ չեմ արել և խորհուրդ չեմ հարցրել ձեզնից, այդ,— աստվա՛ծ է վկա, հորեղբայր, հավատո՞ւմ եք խոսքիս,— այդ նրա՛ համար է եղել միայն, որ... քաշվում էի ձեզնից, հետաձգում էի, որովհետև ինքս իմ որոշմանս վրա վստահ չէի։ Սակայն, իհարկե, վերջ ի վերջո, պետք է հայտնեի, խո չէ՞ի կարող գնալ առանց ձեր խորհրդի, առանց ձեր օրհնությունը ստանալու. չէ՞ որ այս րոպեիս դուք եք իմ ծնողը և անչափ երախտիք ունիք ինձ վրա։

— Ինչևիցե, այդ թողնենք։ Այժմ, երբ խոսք է ընկել գնալուդ մասին, կարծում եմ, կարող ես պատմել, ինչ որ հարկավոր է:

Աշխենը հանգստացավ և համառոտ կերպով պատմեց եղելությունը։

Մարությանը մինչև վերջը լսեց նրան լուռ և ուշադիր և, երբ Աշխենը վերջացրեց իր պատմությունը, կարճ ժամանակ մտահոգության մեջ ընկավ, ապա վեր կացավ։

— Ե՞րբ ես գնում,— հարցրեց նա։

— Վաղը։

— Այ, տեսնո՞ւմ ես. դու ամեն բան արդեն վերջացրել ես և գնալու ես վաղը, իսկ ես մինչև օրս ոչինչ չգիտեի։ Այդպիսի բան կարելի՞ է, քեզ եմ հարցնում։ Եվ իրավունք չես տալիս ինձ, որ նեղանամ։ Ինչևիցե, այս էլ թողնենք։ Երկաթուղով եք գնալու, չէ՞։

— Այո։

— Գիշերվա՞ գնացքով։

— Այո։

— Հետո... ի՞նչ ես տանում հետդ։

— Դե, ինչ որ ունիմ։ Ինձ շատ բան հարկավոր չէ։