Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/118

Այս էջը հաստատված է

անկեղծ համակրությունը հայտնել, խրախուսել քեզ, օրհնել ճանապարհդ իբրև հայր և ի սրտե հաջողություն մաղթել գործիդ։ Գնա՛, որդիս, գնա՛ այն ճանապարհով, ինչ ճանապարհով, որ գնացել է որդիս, և թող աստված անբաժան լինի քեզնից:

Աշխենը կամաց խոնարհվեց, առավ հորեղբոր ձեռքը և սեղմեց շրթունքներին։

Մարությանը զգաց, որ արտասուքի երկու տաք կաթիլ ընկավ իր ձեռքի վրա։ Նա թեթև կերպով ցնցվեց, խոնարհվեց, համբուրեց Աշխենի մազերը գագաթի վրա, ձեռքը դուրս քաշեց նրա ձեռքի միջից և շտապով դուրս գնաց, մի տարօրինակ փսփսոց արձակելով քթից:

17

Գիշերվա ժամը երկուսից անց էր։ Մարությանների տանը վաղուց արդեն ամենքը քնած էին։ Այդ ժամին Աշխենն էր միայն արթուն։ Նա նստած էր իր սենյակում և նամակ էր գրում։ Կնոջ գրին հատուկ, բարակ, փոքրիկ, իրարից բաժան-բաժան գրերն արագ-արագ շարվում էին իրար ետևից, լցնելով փոստի թղթի ամբողջ երեսներ։ Նա գրում էր համարյա առանց կանգ առնելու, կարծես գրելիքն առաջուց անգիր էր արել։ Մազերից մի երկայն, բարակ փունջ կախ էր ընկել թղթի վրա, և ստվերը խաղում էր ձախ ձեռքի վրա, որով պահում էր թուղթը։ Նամակը վերջացնելուց հետո ստորագրության տեղը խաչ դրեց, հետո կարդաց սկզբից մինչև վերջը, մի քանի տեղ շտապ գրելուց բառեր էր բաց թողել՝ ավելացրեց, մի քանի տեղ էլ բառեր էր կրկնել՝ ջնջեց, փակեց ծրարի մեջ, հասցեն գրեց և պահեց սեղանի վրա դրված գրքերից մեկի մեջ։

Անկողին մտնելով, իսկույն չկարողացավ քնել, չնայելով որ գիշերից արդեն բավական անցել էր և ինքն էլ այդ օրը շատ հոգնած էր զգում իրեն։ Նա գտնվում էր այն սովորական անհանգիստ դրության մեջ, որի մեջ լինում է նա՛, որին կյանքի նոր եղանակ, նոր ասպարեզ է սպասում, որը շուտով պիտի թողնի իր ծննդավայրը, տունը, տեղը, ծանոթ ու սրտակից անձերը և առաջին անգամ պիտի գնա