Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/119

Այս էջը հաստատված է

ուրիշ, անծանոթ տեղ, ուր մարդիկ և իրեր ներկայանում են երևակայության ստեղծած ուրույն կերպարանքով: Ինչ-որ թախիծ էր զգում սրտի մեջ, անորոշ, ծանր թախիծ, ինչպես ա՛յն մարդը, որ իր ամբողջ էությամբ ձգտում է ինչ-որ անհասկանալի և անորակելի երջանկության, բայց միևնույն ժամանակ համոզված է, որ այդ երջանկությունը անհասանելի ցնորք է միայն։ Նա դեմքը թաղեց բարձի մեջ, և նրա մտքերը կենտրոնացան այն անձի վրա, որի ձեռքը պիտի հասներ նամակը։ Երբեք այդ անձի պատկերը չէր ներկայացել նրա աչքերի առաջ այնպես վառ ու կենդանի, ինչպես այժմ։ Նա մտքում կրկնում էր նամակի այն կտորները, որոնք անմիջական զեղումն էին այն վառ զգացմունքի, որ նա այնքան ժամանակ զսպում էր հուսահատական տանջանքով։

Լուսադեմին հազիվ կարողացավ քնել։ Քունը շատ անհանգիստ էր։ Ուղեղը դեռևս շարունակում էր գործել, ինչպես ձգված լար, որը, մի անգամ ուժգին շարժվելուց հետո, դեռ երկար ժամանակ ցնցվում, դողդողում է, չկարողանալով միանգամից հանգստանալ։ Նամակի բառերը շարվում էին նրա ուղեղի մեջ անկապ, անորոշ, տանջող կերպով։

Չնայելով որ ուշ քնեց, բայց և այնպես վեր կացավ սովորականից վաղ. պետք է գնար օր. Սահակյանի մոտ իր ուղևորության մասին մի քանի կարևոր բան հարցնելու. շտապում էր, որպեսզի օր. Սահակյանին տանը գտնի, այլապես հազիվ թե այդ օրը այլևս ժամանակ ունենար նրան առանձին տեսնելու, որովհետև ճանապարհի պատրաստություններ պիտի տեսներ։

Տանը դեռևս ամենքը քնած էին։ Աշխենը շտապով լվացվեց, հագնվեց, առավ գիշերը գրած նամակը, որպեսզի օր. Սահակյանի մոտից վերադառնալիս ձեռքով փոստ ձգի և դուրս գնաց։

Նրա գնալուց մի քառորդ ժամ հետո ցավագար աչքերով ծառան, երբ երկար խոզանակը ձեռքին՝ ավլում էր նախասենյակի սանդուղքը, փողոցի դռան մոտ նամակի մի ծրար գտավ։ Վերցրեց ծրարը, դես շուռ տվեց, դեն շուռ տվեց, նայեց վրան գրված հասցեին և, որովհետև կարդալ չգիտեր, բան չհասկացավ։ Նա զարմացավ միայն, թե ինչու