Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/122

Այս էջը հաստատված է

Աշխենի շառագունած դեմքը մի ակնթարթում դժգունեց և նորից, բայց առաջվանից ավելի շառագունեց։

— Ե՞ս,— շշնջաց նա և մինչև անգամ աշխատեց ցույց տալ, թե խիստ զարմացած է։

— Այո՛, դո՛ւ,— շեշտեց Եվան և համարձակ հայացքը ձգեց նրա վրա։— Ինչո՞ւ ուղիղ չես ասում, որ ա՛յս նամակն ես կորցրել և սրա՛ համար է, որ կես-ճանապարհից ետ ես դարձել։

Եվ, գրպանից հանելով ծրարը, ձգեց սեղանի վրա։

Աշխենը մեքենայաբար վրա ընկավ նամակին։ Մի ակնթարթում նրա դեմքը մեռելի գույն ստացավ։ Նայեց ծրարին և տեսնելով, որ փակ է, ազատ շունչ քաշեց։

— Ճիշտ չէ՞, այդ նամակի համար չէ՞, որ ետ ես եկել,— հարցրեց Եվան ուշի-ուշով հետևելով նրա դեմքի փոփոխություններին։

— Այո։

— Ուրեմն սուտ չէի՞ր խոսում, թե գրքի համար ես ետ եկել։

— Սուտ էի ասում։

— Ինչո՞ւ։

Աշխենը չպատասխանեց։ Նա չէր նայում Եվային:

— Որովհետև չէիր ուզում, որ իմանայի, թե այդպիսի նամակ ես գրել եղբորս, չկարծելով, որ այդ նամակն իմ ձեռքին է, այնպե՞ս չէ։

— Ուրեմն բա՞ց ես արել,— հազիվ լսելի ձայնով շշնջաց Աշխենը։

— Տեսնում ես, որ փակ է։ Ինչպես որ ծառան դռան մոտ գտել և հանձնել է ինձ, այնպես էլ քեզ եմ դարձնում։

— Հապա ինչո՞ւ ես ասում այդպիսի նամակ։

— Հապա ինչո՞ւ դու այդպես այլայլվում ես։

Աշխենը նկատելի տանջանքով դեմքը շրջեց Եվայից։

— Եվա, ասա միանգամից, ինչ որ ասելու ես. տեսնում ես՝ տանջվում եմ։

— Իսկ ինչո՞ւ ես տանջվում։ Որովհետև զգում ես, որ մեղավոր ես, չէ՞. որովհետև ինքդ էլ հասկանում ես, որ գրածդ... զրպատրտություն է, չէ՞։