Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/125

Այս էջը հաստատված է

Եվան անհամարձակորեն նայեց նրա ետևից։

— Դու գնո՞ւմ ես,— հարցրեց կամաց։

— Այո։

— Ո՞ւր։

— Վարոյի մոտ։

— Սպասիր մի րոպե։

Աշխենը կանգ առավ դռան մոտ։

— Բա՞ն ունիս ասելու։

— Այո։

— Ի՞նչ։

Եվան իսկույն չպատասխանեց։ Նայում էր հատակին և թաշկինակը ճմռում էր ձեռքին։

— Խի՞ստ վիրավորվեցիր ինձնից,— հարցրեց վերջապես։

Աշխենը զարմացած դարձավ դեպի նա։

— Դեռ հարցնո՞ւմ ես։ Կյանքիս մեջ ոչ ոք չի վիրավորել ինձ այնպես, ինչպես դու։

— Եթե ներողություն խնդրեմ...

— Ի՞նչ օգուտ, երբ որ արդեն փշրեցիր սիրտս։

— Ուրեմն... ուրեմն այս գիշեր խռովա՞ծ պիտի բաժանվես ինձնից։

— Ինչո՞ւ խռոված, երեխա՞ եմ, ինչ է։ Բայց քեզ հետ այսուհետև շատ խիստ կվարվեմ, որպեսզի ինձ հարգես։

Եվան հանկարծ զայրացած ոտը պինդ խփեց հատակին։ Արձակ մազերից մի երկայն փունջ թռավ ուսի վրայից և ընկավ կրծքի վրա։

— Ես քեզ չե՞մ հարգում, որ այդպես ես խոսում,— բացականչեց արտասուքն աչքերին։— Խո հասկանում ես, որ վիրավորեցի անգիտակցաբար. վիրավորեցի իմ հիմարությունից և զղջում եմ։ Ուրիշ ի՞նչ ես ուզում։

— Ես ուզում եմ, որ սովորես նախ լավ մտածել և ապա ասել այն, ինչ որ ուզում ես ասել։

— Այսուհետև այդպես կանեմ, հիմա՞։

— Վախենում եմ, որ այդպես չանես, եթե խիստ չվարվեմ քեզ հետ։

Եվան զսպած զայրացկոտությամբ դեմքը դարձրեց նրանից։