Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/13

Այս էջը հաստատված է

Շահյանը նորից կոլոլվեց վերարկուի մեջ, նորից կուչ եկավ նստարանի անկյունում և աչքերը փակեց։

— Ներեցեք, ես ձեզ, գուցե, ձանձրացնում եմ,— շտապեց նկատել նոր ուղևորն այնպիսի քաղցրությամբ, որ Շահյանը նոր զգաց, որ իր վարմունքը մի ցույց էր նրա հարցասիրության դեմ։

Նա ժպտաց և նորից նստեց ուղիղ։

— Ամենևին,— պատասխանեց նա բնավորություն չունեցող մարդկանց հատուկ կակղությամբ։— Ընդհակառակը, ես շատ ուրախ եմ, որ դուք ուզում եք ինձ ընկերակցել։

— Այդ ավելի լավ թե ձեզ և թե ինձ համար,— վրա բերեց ինքնակոչ բարեկամն ավելի մեծ քաղցրությամբ,— որովհետև, կարծում եմ, ոչինչ այնքան տաղտկալի չէ, որքան մենակ ճանապարհ գնալը։ Այդպես չէ՞։

— Այդպես է:

— Ուրեմն, կարծում եմ, կարող ենք ծանոթանալ առանց այլևայլության։

— Համեցեք։

— Ձեր անունը բաշխեցեք ինձ։

— Լևոն... Շահյան։

Նոր ուղևորն աչքերը չռեց։

— Շահյա՞ն,— հարցրեց նա։

— Այո։

— Դուք Շահյանի որդի՞ն եք։

— Այո։

— Կարապե՞տ Շահյանի։

— Այո։ Դուք ճանաչո՞ւմ եք հորս։

— Վա՛հ, ինչպե՜ս չէ,— բացականչեց նոր ուղևորը վե¬րին աստիճանի աշխուժով։— Մի ժամանակ ես ու ձեր հայրը լավ բարեկամներ և լավ հարևաններ էինք, բայց հետո... մեր հարաբերությունները կտրվեցին, առանց մի որևէ պատճառի։ Դուք նկատած կա՞ք, որ շատ մոտիկ բարեկամների մեջ կամաց-կամաց, աննկատելի կերպով այնպիսի փոփոխություններ են կատարվում երբեմն, որ չես հասկանում, թե ինչպես եղավ, չես կարողանում ըմբռնել պատճառը։ Ձեր հոր և իմ միջև եղած հարաբերություններն էլ հենց այդպես կտրվեցին։ Սկզբում կլուբում էլի երբեմն-երբեմն հանդիպում էինք իրար,