Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/131

Այս էջը հաստատված է

Ներս մտնելով, Աշխենը սովորական բարևը տվեց Մարության ամուսիններին և նստեց Եվայի դիմաց, սեղանի հակառակ ծայրին, ուր նստում էր միշտ։ Եվան մինչև անգամ գլուխը չբարձրացրեց լրագրի վրայից։ Նրա դեմքը դժգույն էր և վերին աստիճանի խաղաղ։ Աշխենը նայեց նրան և այն կենտրոնացած հայացքից, որ նա հառել էր լրագրի վրա մի կետի, հասկացավ, որ նա ոչ միայն չի կարդում, այլև չի տեսնում իր առաջ փռած լրագիրը։

Մարությանը ձեռքին բռնած լրագիրը ծալեց, դրեց լուսամուտի տախտակի վրա և, աթոռը հետը վերցնելով, գնաց նստեց սեղանի մոտ, կնոջ դիմաց։ Նա անմիջապես խոսք բաց արեց Աշխենի ուղևորության մասին և ավելորդ չհամարեց մի քանի խորհուրդ տալ նրան մի առանձին լրջությամբ, ինչպես առհասարակ խոսում էր եղբոր աղջկա հետ։ Նա ցավ հայտնեց, որ գործերի խառն դրության պատճառով չի կարող ուղեկցել Աշխենին, թեև շատ է հոգում նրա ապահով կերպով տեղ հասնելու համար։

Աշխենը շնորհակալություն հայտնեց և հանգստացրեց նրան, ասելով, որ նրա ուղեկցությունն ավելորդ է, քանի որ ինքը մենակ չի գնում։

Այնինչ Թեկլեն զսպած դժգոհությամբ մի քանի նկատողություններ արեց Աշխենին և ուզում էր շարունակել, բայց ամուսինը մեղմությամբ սաստեց նրան, և Թեկլեն այլևս ոչինչ չասաց և մինչև վերջը, իբրև բողոքի ցույց, լռություն պահպանեց համառորեն և վիրավորված։

Իսկ Եվան ամենևին ձայն չէր հանում։ Լրագիրը շպրտել էր հարևան աթոռի վրա և մեջքից խոնարհված, գլուխը կախ՝ խպշտում էր թեյը, առանց բաժակը բարձրացնելու։ Աշխենն ամբողջ ժամանակ երկյուղով դիտում էր նրան և չտեսավ, որ նա գեթ մի անգամ նայեր իրեն։

Հազիվ թեյը վերջացնելով, Աշխենը քաշվեց իր սենյակը։ Երկար ժամանակ անցուդարձ էր անում ծանր մտատանջության մեջ, հետո արագ մոտեցավ վառարանին, որ հենց նոր վառել էր ծառան, գրպանից հանեց նամակը և շպրտեց բոցերի մեջ։

Նույն րոպեին դուռը կամաց բացվեց։

Նա դողաց և արագ դարձավ դռան կողմը։