Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/134

Այս էջը հաստատված է

նախանձում եմ ձեր հոգու քաջությանը։ Զգում եմ, որ եթե ուրիշը լիներ ձեր տեղը, դյուրությամբ կարող էր հանցանք գործել։ Բայց դուք այդպիսի բան չեք արել, որովհետև վատ կլիներ, որ անեիք, որովհետև սաստիկ կդժբախտացնեիք հայրիկին, մայրիկին, ինձ և վերջը կզգայիք, որ դուք էլ դժբախտ եք։ Դու ճանաչում ես ինձ, Աշխեն. գիտես, որ եթե ես մի բան ասում եմ, ուղղակի սրտիցս, հոգուցս եմ ասում, մի բան, որ ասում եմ, ասում եմ ո՛չ թե նրա համար, որ այդպես եմ մտածում, այլ նրա համար, որ այդպես եմ զգում։ Առավելությո՞ւն է այս, թե՞ թերություն,— չգիտեմ. միայն գիտեմ, որ լոկ չոր ուղեղով մարդը կարող է միևնույն բանին հազար ու մի իրար հակառակ բացատրություններ տալ. մինչդեռ զգացմունքը — սիրտը մի բան միայն կարող է թելադրել, մի անկեղծ բան — միակ ճշմարտությունը։ Չոր ուղեղով որքա՜ն բացատրություններ կարելի է տալ այն հանգամանքին, որ դու և եղբայրս ձեր դժբախտ սերը զոհել եք ժողովրդի բարօրությանը։ Չոր ուղեղով, օրինակ, կարելի է ձեզ և հերոս ներկայացնել ձեր առաքինության համար, և ստրուկ նախապաշարումների։ Չոր ուղեղով կարելի է և գրոշի արժեք չտալ ձեր զոհաբերությանը, որովհետև այդպես դատողը կասի, որ ձեր զոհաբերությունն ինքնաբուխ չէ, այլ կեղծ, բռնի, ճարահատյալ, հետևաբար և ապարդյուն։ Այո՛, չոր ուղեղով ամեն կերպ կարելի է դատել, բայց ես... օ՜, աստված չանի, որ երբևիցե չոր ուղեղն իշխե իմ մեջ։ Ամենամեծ դժբախտությունն ինձ համար այն օրը կլինի, երբ ես դադարեմ սրտով մտածելուց։ Այժմ, որ գիտեմ, թե ինչու միշտ այնպես տխուր, միշտ այնպես մտախոհ էիր լինում. թե ինչու միշտ այնպես զսպված էիր պահում քեզ, միշտ քաշված և երբեք սրտանց չէիր ուրախանում. այս առավոտ, որ աչքումս տեսա, թե ինչպիսի հուսահատություն էր տիրել քեզ,— այդ բոլորը տեսնելուց և հասկանալուց հետո ինչպե՞ս կարող եմ ամբողջ հոգովս չմիանալ քեզ հետ և չզգալ միևնույնը, ինչ որ դու ես զգացել և զգում ես...

— Որ գիտենաս,— արտասանեց արտասուքը կուլ տալով, որ գիտենաս, Եվա... որքա՜ն մխիթարեցին ինձ խոսքերդ...