Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/137

Այս էջը հաստատված է

Շատ չանցավ, երևաց Մարությանը, մի փոքրիկհ բարձ կռան տակն առած։ Նա ներս մտավ շտապով մի բեռնակրի հետ, որ շալակած էր Աշխենի իրերը։ Նրա ետևից մտան Թեկլեն, Եվան, Աշխենը և օր. Սահակյանը։

Շահյանը թեև տեսավ նրանց, բայց ցույց տվեց, թե չտեսավ և կամաց հեռու քաշվեց։ Մինչդեռ Մինասյանը, Աշխենին և օր. Սահակյանին տեսնելուն պես (մյուսներին դեռ չէր ճանաչում), շտապով սեղմեց բարեկամի ձեռքը, որի հետ խոսում էր, և ընդառաջ գնաց նրանց։

— Դուք արդեն այստե՞ղ եք,— բացականչեց օր. Սահակյանը։

Այդ բացականչության վրա Մարությանը հանկարծ կանգ առավ և հետաքրքրությամբ նայեց Մինասյանին։

— Պարոն Մարության, ահա՛ պարոն Մինասյանը, խնդրեմ, ծանոթացեք։

Մինասյանը շտապով մոտեցավ Մարությանին և հարգանքով սեղմեց նրա ձեռքը։

— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ,— մեքենայաբար արտասանեց Մարությանը, հետաքրքիր հայացքը չհեռացնելով Մինասյանի թուխ դեմքից։

Այնուհետև օր. Սահակյանը Մինասյանին ներկայացրեց Թեկլեին և Եվային։

Թեկլեն խիստ թթված դեմքով, կարծես բարկացած, նայեց Մինասյանին և չկամենալով ձեռքը մեկնեց նրան։

Իսկ Եվան, ապուշ կտրածի պես անշարժ հայացքով, ձեռքը դրեց նրա ձեռքի մեջ, թույլ տալով, որ նա սեղմի։ Նրա աչքերը կարմրել և ուռել էին. երևում էր, որ նա լաց էր եղել և շատ էր լաց եղել։

— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ,— կրկնեց Մարությանը բարձը մյուս կռան տակն առնելով և շարունակելով դիտել Մինասյանի դեմքը։— Ուրեմն դուք եք պարոն Մինասյանը։ Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ ծանոթանում ենք։ Ես կարդացել եմ ձեր գրվածքները։ Շատ գեղեցիկ են, հիանալի են։

Այղ միջոցին Շահյանը մոտեցավ նրանց։

— Ա՜, մեր հին բարեկամն էլ այստեղ է,— բացականչեց Մարությանը։— Ի՞նչ եք շինում այստեղ։