Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/142

Այս էջը հաստատված է

գլխիս, իսկ առաջ զահլաս էր տանում, այնքան խոսում ու ծիծաղում էր։

— Պատճառն, ասենք, հասկանալի է. չէ՞ որ քույրը հեռանում է,— նկատեց օր. Սահակյանը՝ ժպտալով նայելով Եվայի մեծ-մեծ աչքերին, որ նա մտախոհությամբ ուղղել էր դեպի դահլիճի խորքը։

— Թող այդպես ասի,— վրա թերեց Թեկլեն.— թող գոնե մի անգամ խնդրած լինի, որ չգնա։

Եվան նեղսրտությամբ շարժվեց իր տեղում։

— Մայրիկ, ի՞նչ հարկ կա այդ մասին խոսելու։ Մեծ ցավ չէ, որ այլևս չեմ խոսում ու ծիծաղում։

— Մեծ ցավն այն է, որ քեզ այդպես մաշում ես։ Տես, այս երկու օրվա մեջ ինչ ես դառել։

— Է՛հ,— զսպած զայրացկոտությամբ արտասանեց Եվան և մինչև անգամ դեմքը շրջեց մորից։

Թեկլեն նայեց աղջկան խիստ ջգրած, ուզեց բան ասել, բայց զսպեց իրեն և լռեց։ Նա զգում էր, որ Աշխենի դեմ իր մեջ մի քանի օրվա ընթացքում հավաքված բարկությունը պատրաստ է պայթելու, բայց տեղն անհարմար էր:

Մոր և աղջկա մեջ տեղի ունեցած այդ ընդհարման ժամանակ Աշխենը վերին աստիճանի անհարմար դրության մեջ էր զգում իրեն։ Նա ավելի քան հասկանում էր, որ հորեղբոր կինը կատաղած է իր դեմ. տեսնում էր, որ այդ ընդհարման պատճառն ինքն է, ուստի ինչքան ուզում էր միջամտել իրեն ճնշող այդ խոսակցությանը վերջ դնելու համար, ոչինչ չէր կարողանում ասել։ Առհասարակ նա զարմանալի վախկոտ էր դարձել Եվային արած խոստովանությունից հետո։

Կարճ ժամանակ խիստ ճնշող լռություն տիրեց։ Մայր ու աղջիկ, կարծես իրարից խռոված, նայում էին իրար հակառակ կողմը։ Աշխենն անհանգստությամբ շուռ ու մուռ էր գալիս աթոռի վրա, մեքենայաբար նայելով դահլիճում իրար անցնող հասարակությանը։ Իսկ մնացածներն՝ անախորժ, անորոշ տպավորության տակ՝ չէին իմանում ինչ ասեն։

Այդ միջոցին վրա հասավ Մարությանը։

— Է՛ռի-հա՜, մի րոպե հեռացա, և դուք ոչինչ չեք գտնում խոսելու,— բացականչեց նա։— Ասենք, Եվան երդվել է այլևս չխոսել, դո՞ւք ինչ եք, մանավանդ դո՛ւք, օրիորդ,—