Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/143

Այս էջը հաստատված է

դիմեց նա օր. Սահակյանին։— Ինչպես տեսնում եմ, որքան Եվայի քույրն է հեռանում, նույնքան և ձերը։ Ես ձեզ այդքան թուլասիրտ չէի կարծում։ Համենայն դեպս, դուք ամենքդ էլ անշնորհք եք. ձեզ հետ ոչ կարելի է քեֆ անել, ոչ ճանապարհորդել. դուք կքնեցնեք մարդու։ Պարոն Մինասյան, համեցեք, այս ձեզ, այս էլ քեզ, Աշխեն ջան։

Այդ ասելով, նա երկու տոմսակ դրեց՝ մեկը Մինասյանի, մյուսը Աշխենի առաջ։ Տոմսակներն երկրորդ կարգի էին։

— Նստեցեք ձեզ համար փափուկ նստարանների վրա ու հայդա,— ավելացրեց նա, շտապով նստելով իր տեղը։

Մինասյանը զարմացած վերցրեց տոմսակը, նայեց և բերանը բաց արեց, որ բան ասի, բայց Մարությանը բռնեց նրա թևից և դրանով հասկացրեց, որ ավելորդ է այդ մասին խոսելը։

— Դե՛հ, խմենք վերջին բաժակը,— կանչեց նա։— Աշխեն ջան, դարձյալ և առանձնապես քո՛ կենացը։ Հավատացիր, ես էլ Եվայի նման... ներողություն, երեխայի նման լաց կլինեի և չէի թողնիլ, որ գնաս, եթե համոզված չլինեի, որ ապարդյուն գործի համար չես գնում։ Այսօրվանից ազատ ես, թռիր ուր ուզում ես։ Այն աստիճան վստահ եմ քեզ վրա, որ խիղճս երբեք չպիտի տանջի ինձ, թե վատ բան եմ արել, որ քեզ, եթե կարելի է այսպես ասել, քե՛զ եմ հանձնել։ Ինձ տանջել միայն կարող է կարոտը, և հա՞րկ կա ասելու, թե ի՛նչպիսի ուրախության օր կլինի ինձ համար ա՛յն օրը, երբ նորից կտեսնեմ քեզ ողջ, առողջ, անհուսաբեկ։ Բայց հույսս մե՜ծ է։ Մինչև այժմ իմ ամենամեծ բաղձանքն այն է եղել, որ արժանանամ իմ Արմենակի տեսությանը. այսօրվանից նույնպիսի մի բաղձանքի առիթ տալիս է և ի՛մ Աշխենը։ Բարով գնաս, սիրելիս, զավակս։ Հայրական սրտով օրհնում եմ ճանապարհդ։ Աստված տա, որ դու էլ, իմ Արմենակի նման, մեր ընտանիքի պարծանքը դառնաս։ Խփենք բաժակները: Այդպե՛ս։ Կեցցե՜ս։ Կրկին և միլիոն անգամ բարի ճանապարհ և բարի վերադարձ։

Եվ Մարությանը մի շնչում դատարկեց բաժակը։

Մինասյանը, որը հիացած էր մնացել այդ վերին աստիճանի շարժուն ու կենդանի մարդուց, վերջին խոսքերի ժամանակ արտասուքի կաթիլներ նկատեց նրա աչքերի մեջ: Նա