Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/148

Այս էջը հաստատված է

վրա չէր, այլ ներքև և կուրծքն ու փորը սարի նման բարձրացել էին դեմքի և ոտների մակերեսից։

Շահյանը նայեց և ետ քաղվեց սարսափահար։ «Ահա մահը»,— մտածեց նա և, ազատվելով վշտահար հեծկլտող մոր գրկից, քաշվեց իր ննջարանը։ Ամբողջ գիշեր չկարողացավ քնել: Զարմանալի համառությամբ նրա մտքից չէր հեռանում մի բան — հոր՝ մահճակալից կախ ընկած ձեռքը։ Նա մտածում էր, թե բռունցքը սեղմած այդ ձեռքն այնքան ծանր պիտի լիներ, որ եթե մեկը փորձեր բարձրացնել, չպիտի կարողանար։

Հոր մահը նրան խիստ ազդել էր իբրև շարժվող, մտածող, զգացող արարածից մնացած անշունչ, սառած մի մարմին, որը գերանի կտորից ոչնչով չէր տարբերվում։ Մարդը մոտ վաթսուն տարի ապրում, հուզվում, չարչարվում, մերթ ուրախանում, մերթ տխրում էր, անդադար ինչ-որ ծրագրեր էր կազմում, հետամուտ էր լինում ինչ-որ նպատակների, հանկարծ այդ բոլորից հետո ոչինչ չկա այլևս. կա միայն գերանի կտորից ոչնչով չտարբերվող, մսից և ոսկորներից բաղկացած անկենդան մի մարմին, որը թեկուզ մաս-մաս արա և ձգիր կրակի բոցերի մեջ,— ո՛չ մի ձայն, ո՛չ մի շշուկ չի հանիլ։ Մինչդեռ որպիսի՜ սոսկալի աղաղակ կբարձրացներ այդ մարդը կենդանի ժամանակ, եթե կտրեիր նրա տասն մատներից մի ճկույթը... Ահա ուրեմն ինչ է մահը.— ո՛չ մի զգացողություն, հետևաբար՝ ո՛չ մի տանջանք, ո՛չ մի բողոք. կատարյալ հաշտություն և անդորրություն...

Հորն այնպես թաղեցին, որ Շահյանը մի կաթիլ արտասուք անգամ չթափեց։ Նրան հուզում էր միայն մոր ծանր վիշտը, սակայն այդ վիշտն էլ չտեսնելու համար փակվում էր իր սենյակում։

Այժմ նա բոլորովին կտրել էր իրեն արտաքին աշխարհից։ Հորից ժառանգություն մնացած կալվածների կառավարությունը հանձնել էր իրենց հեռավոր ազգական Ստեփան անունով մի մարդու, որը փառավորապես խաբում էր նրան և եկամտի մի մասն իր գրպանը կոխում։ Շահյանը գիտեր այդ, բայց ամենևին չէր հուզվում։ Նա միանգամայն գոհ էր, որ ոչ ոք և ոչինչ չէր խանգարում իր հանգիստը: Իսկ նրա հանգիստը այն էր, որ ամբողջ օրը կամ չափում էր