Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/150

Այս էջը հաստատված է

արած էքսկուրսիայիցս մի ամսից ավելի է, որ վերադարձել եմ։

— Երկաթուղու կայարանում, կարծեմ, քեզ տեսա։

— «Միխայլովո» կայարանում։

— Ոչ, Թիֆլիս մտած օրդ։

— Չեմ կարող ասել՝ տեսա՞ր, թե ոչ, որովհետև ես քեզ չեմ տեսել։ Է՛հ, ուրիշ ինչ բարիդ հարցնենք։ Ծնողներդ ո՞ղջ են, առողջ են։

Շահյանը հիշեց, որ հայրը մեռել է, և դեմքին տխուր արտահայտություն տվեց։

— Հայրս մեռավ,— ասաց նա։

Բազենյանն աչքերը չռեց անակնկալ լուր լսողի պես։

— Մեռա՞վ... ե՞րբ, ի՞նչ ես ասում։ Նստիր տեսնենք։

Եվ, վերին աստիճանի նուրբ կեղծ ցավակցության հետաքրքրություն ցույց տալով, Բազենյանը վարվեց այնպես, որ կարծես ինքը չէր հյուրը, այլ — Շահյանը։ Շահյանի ձեռքից բռնած՝ նստեցրեց նրան և ինքը նստեց նրա մոտ։ Շահյանը համառոտ կերպով պատմեց հոր մահը։

— Շատ, շատ ցավում եմ,— լրջությամբ լսելուց հետո ասաց Բազենյանը, պինդ սեղմելով նրա ձեռքը։— Ափսոս, չեմ իմացել, որ կատարեի ընկերական պարտքս և ներկա լինեի թաղմանը։ Խնդրում եմ, ներիր։ Այդ օրերին ես նոր էի եկել և այնքան խառնված էի, որ ժամանակ չունեի մինչև անգամ լրագիր առնելու ձեռքս։ Համենայն դեպս, դու էլի բախտավոր ես, Լևոն,— ավելացրեց նա հառաչելով։— Գոնե տուն ունիս, տեղ ունիս, վերջապես, մայր ունիս։ Իսկ ե՞ս... Մանկությունից արդեն դատապարտված էի որբության և անտերության, և զարմանալի չէ, որ այնքան փչացած էի։ Նրանից հետո ավելի փչացա։ Երկու անգամ բանտ եմ նստել գողության համար։ Մի անգամ էլ մարդ սպանեցի և փախա արդարադատության ձեռքից, և այդ բանը փրկեց ինձ վերջնական անկումից։ Բացի դրանից, ես ընկա այնպիսի շրջաններ, ուր ինձ կատարելապես կերպարանափոխեցին, այո՛, կատարելապես, այնպես որ շատ անգամ, երբ համեմատում եմ անցյալս ներկայիս հետ, ինքս էլ ապշած եմ մնում, թե ինչպես կարող էի այսպես փոխվել։ Լինում են մարդիկ, որոնք բնավորության մի