Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/153

Այս էջը հաստատված է

— Ասա, խնդրեմ, ինչացո՞ւ եմ ես,— ասում էր նա տաքացած, ռուսերեն լեզվով, որպեսզի մայրը, որ ներկա էր ճաշին, չհասկանա իրենց խոսակցությունը։— Հը՞, քեզ եմ հարցնում, ինչացո՞ւ եմ ես կամ ինչացո՞ւ են ինձ նմանները, եթե միայն ուրիշներն էլ կան ինձ նման։ Ես չեմ ընդունում, թե ինձ նման մեկ ուրիշն էլ լինի, որովհետև չգիտես, ախր, թե ինչ եմ ես։ Ես... ինչպե՞ս ասեմ... ես հասարակության, ազգի համար մի մինուս եմ, մի զրո, որն իր մեջ պարունակում է տորիչելյան դատարկությունից էլ մեծ դատարկություն։ Ողորմածիկ հայրս թեև,— ի՞նչ ծածկեմ մեղքս,— վախենում էր ինձնից, որովհետև իմ բոլոր մաղձը նրա վրա էի թափում, բայց երբեմն էլի ուղղակի կամ անուղղակի երեսովս էր տալիս իմ անպետքությունը։ Այդ ինձ կատաղեցնում էր։ Ինչո՞ւ։ Որովհետև ճշմարտություն էր ասում, և ես օգուտ էի քաղում այն հանգամանքից, որ իր միակ զավակն էի, և նա սիրում էր ինձ։ Մի անգամ էլ երկու օրիորդի, երկու զարմանալի օրիորդի հետ խոսակցություն ունեցա կյանքի և մարդու գոյության նպատակի մասին։ Թե ինչպես նրանք ցամաք-ցամաք ցեխը կոխեցին ինձ ու հանեցին իմ հոռետեսական հայացքներիս համար,— չեմ կարող ասել։ Նրանք պարզապես հասկացրին ինձ, որ ես հոռետես եմ ձևանում նրա համար միայն, որ ծածկեմ իմ ոչնչությունը։ Երբ նրանցից հեռացա, ինձ թվաց, թե փողոց եմ դուրս եկել կաշիս մաշկած, անատոմիական ծանոթ նկարի պես։ Մինչև հիմա էլ, որ մտաբերում եմ, ուզում եմ գետինը մտնել ամոթից։ Հիմա համեմատենք ինձ ու քեզ։ Ի՞նչ ես դու և ի՞նչ եմ ես։ Դու կրակ ես, ես — սառույց. դու հեղեղ ես, ես — ճահիճ. մինչդեռ դու տարին տասներկու ամիս՝ հանգստությունդ, անձնական վայելներդ մոռացած թափառում ես երկրից երկիր անմահ գործի համար և մութ բանտը, տաժանելի կապանքներն ամեն րոպե աչքիդ առաջն են, ես ի՞նչ եմ անում, ես, ա՛յ, այս չորս պատերի մեջ առանձնացած, քնում եմ՝ երբ ուզում եմ, քնում եմ՝ երբ ձանձրանում եմ արթուն մնալուց, ապահով միանգամայն այն բանից, որ փողոցի մուրացիկն անգամ չի հալածում ինձ իր աղիողորմ աղերսներով։ Այս ի՞նչ կյանք է։ Այսպես վերջին մրջյունն անգամ չի ապրում։ Հավատա, Բազենյան, եթե մայրս չլիներ, ես վաղուց