Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/158

Այս էջը հաստատված է

«Սիրելի Լևոն, անշուշտ չգիտես, որ անցյալ օր ինձ մի փոքրիկ դժբախտություն պատահեց, որի շնորհիվ այժմ չեմ կարողանում սենյակից դուրս գալ։ Արի, մենակությունից սիրտս ճաքում է։ Էլի հին տեղումն եմ— «Լոնդոն»։ Գրում եմ ձախ ձեռքով»։

Շահյանը շտապեց։

Երբ նա «Լոնդոն» հյուրանոցում բաց արեց Բազենյանի սենյակի դուռը և ներս մտավ, Բազենյանը պառկած էր մահճակալի վրա, անկողնի մեջ, և լրագիր էր կարդում ձախ ձեռքին բռնած։ Նրա գեղեցիկ դեմքը դժգույն էր և թվում էր, թե բավական նիհարել է, Շահյանին տեսնելով, ժպտաց և լրագիրը կամաց դրեց կողքին։

— Ա՞յս ինչ է, դու պառկա՞ծ ես,— զարմացած բացականչեց Շահյանը։

— Էլ ասում ե՞ս,— ասաց Բազենյանը թույլ ձայնով և ձախ ձեռքը պառկած տեղից մեկնեց նրան։— Աթոռը մոտ բեր՝ նստիր։

Շահյանն անհամբերությամբ մի աթոռ առավ և նստեց նրա մահճակալի վրա։

— Հենց նոր պատրաստվում էի քեզ մոտ գալու, որ նամակդ բերեցին։ Ի՞նչ է պատահել։

— Ա՛յ, կարդա,— ասաց Բազենյանը ժպտալով և լրագիրը տվեց նրան։— Կարդա ահա այս լուրը,— ձախ ձեռքի ցուցամատով ցույց տվեց նա։

Շահյանը կարդաց.

«Կիրակի օր, ժամը 12-ին մոտ, Գոլովինսկի պրոսպեկտի վրա մի կառքի ձիերը հայտնի չէ ինչ բանից խրտնեցին և գլուխներն առան թռան դեպի Բարյաթինսկայա զառիվայր փողոցը։ Կառապանը չկարողացավ զսպել ձիերը և ցած ընկավ կառքի ուժգին ցնցումից. մի կողմ շպրտվեց նաև կառքի մեջ նստած մի պարոն, սակայն, բարեբախտաբար, երկուսն էլ թեթև խեղումներ միայն ստացան։ Այնինչ ձիերը, բոլորովին ազատ զգալով իրենց, ցած էին վազում ավելի ևս կատաղած։ Այդ միջոցին մի օրիորդ չորս-հինգ տարեկան մի երեխայի հետ մի մայթից մյուսն էր անցնում։ Օրիորդը կարողացավ ազատվել, բայց երեխան անշուշտ պիտի ճխլվեր կատաղած ձիերի ոտների և կառքի անիվների տակ, եթե մի