Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/159

Այս էջը հաստատված է

պարոն, որ այդ րոպեին անցնում էր այդ կողմով, իսկույն օգնության չհասներ. նա վազեց, խտտեց երեխային և ետ էր վազում, որ մոտեցող կատաղած ձիերից ազատվի, բայց դժբախտաբար, կառքը վրա հասավ, շուռ եկավ և մի կողքով դիպչելով պարոնին՝ մի կողմ շպրտեց նրան երեխայի հետ միասին։ Երեխան ոչ մի վնաս չստացավ, մինչդեռ անձնազոհության այսպիսի գեղեցիկ օրինակ ցույց տվող պարոնը ծանր վերք ստացավ, և նրան ուշագնաց տարան հիվանդանոց։ Նրա կյանքը վտանգի մեջ է։ Նրա ազգը Բազենյան է»։

Շահյանը կարդաց վերջացրեց և զարմացած նայեց Բազենյանի ժպտացող աչքերին։

— Այդ դո՞ւ ես։

— Ինչպես տեսնում ես։ Բոլորը ճիշտ է նկարագրված, միայն մի տեղ գլուխը քարովն է տվել լրատուն. կրծքիս վրա ոչ մի վերք չեմ ստացել, այլապես հարվածն այնքան սաստիկ էր, որ տեղնուտեղը բան-հոգի կլինեի։ Թևս է միայն վնասվել. ահա,— Բազենյանը վերմակը կամաց ետ քաշեց և ցույց տվեց աջ թևը, որ ուսից սկսած մինչև արմունկը պինդ փաթաթված էր սպիտակ շորով, շապիկի թևն ուսին հավաքված։— Կյանքիս էլ, ինչպես տեսնում ես, ոչ մի վտանգ չի սպառնում։

— Փառք աստծո, որ այդպես թեթև ես պրծել։ Ես էլ ասում եմ՝ ինչու այս երկու օրս չես երևում։ Հետո՞, պատմիր տեսնեմ։

— Հետո ինչ։ Հետո երբ ուշքի եկա, տեսա, որ փառավորապես պառկած եմ հիվանդանոցում և ձեռքս պատում ու փաթաթում են ինչ-որ տաշեղներով։ Զարմանալի է. ուրիշ ոչ մի տեղ վերք չեմ ստացել և չեմ հասկանում ինչու պետք է ուշագնաց լինեի։ Բայց ո՞վ գիտե, գուցե լրատուի ասելով, կառքն իսկապես կրծքիս կամ մի ուրիշ վտանգավոր տեղիս է դիպել, թե չէ ձեռքից չեմ կարծում թե մարդ ուշաթափվի։ Այս էլ կա, որ ոչ մի տեղս ցավ չեմ զգում։ Ձեռքս էր միայն, որ սկզբում սոստիկ ցավում էր, իսկ այժմ ցավը բավական մեղմացել է։

— Բաս ինչո՞ւ ես պառկած։