Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է

երկյուղ կրելով, թե միգուցե իր անգիտությունն երևան հանի այդ մարդու առաջ, որի վրա սկզբում բարձրից էր սկսել նայել։ Մարությանն ասաց, որ ինքը Խալիպյան դպրոցի հին սաներից է, որ մի ժամանակ ջերմ փափագ ուներ գրականության նվիրվելու, բայց հանգամանքներն ստիպեցին իրեն վաճառական դառնալու։

Ձեռները վերարկուի թևերի մեջ կոխած, Շահյանը իր պարզ ակնոցի միջից ապուշի պես նայում էր խոսակցի վերին աստիճանի շարժուն կենսուրախ դեմքին և նրա հարցմունքներին պատասխանում էր ծուլաբար արտասանած կարճ, անորոշ խուսափողական նախադասություններով։

Մարությանը աննկատելի կերպով դարձավ այդ միջոցին Հայաստանում երևան եկած խառնակություններին, որոնց մասին հեռագիրը լուրեր էր հաղորդում լրագրերին։ Շահյանը կարդում էր այդ լուրերը. գիտեր, որ հունիսի կեսին Էրզրումում թուրք իշխանությունը խուզարկել էր հայոց եկեղեցին ժամերգության ժամանակ, կասկածելով, թե այնտեղ զենք կա պահված, որից և մի ընդհարում էր առաջացել թուրք զինվորների և հայերի միջև. գիտեր նույնպես, որ հուլիսի 15-ին Կ. Պոլսում, Կում-Կափուի Մայր եկեղեցում, ժողովուրդը հարձակում էր գործել Աշըղյան պատրիարքի վրա, այնպես որ պատրիարքը ստիպված էր եղել փախչել և թաքնվել մոտակա տներից մեկում.— բայց միայն կարդացել և անցել էր անտարբեր կերպով, ինչպես կարդում և անցնում էր նույն այդ ժամանակներում Բրազիլիայի և Արգենտինյան հասարակապետության մեջ կատարվող պետական հեղափոխությունների մասին նույն հեռագրի հաղորդած լուրերը։ Ընդհանուր հայությունը ցնցող այդ մեծ գործի նախաբանն էլ անկարող էր եղել որևէ թել շարժել նրա մեռած հոգու մեջ։ Այդպես չէր Մարությանը, տարիքով Շահյանից անհամեմատ մեծ և գրեթե ծերունի, նա այդ նշանավոր դեպքերի մասին խոսելիս, ոգևորված էր պատանու պես և ապագայի վրա նայում էր ամենավառ հույսերով։

— Դուք ճանաչո՞ւմ եք իմ որդուն,— հանկարծ հարցրեց Մարությանը։

— Չէ։