Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/163

Այս էջը հաստատված է

— Անշուշտ,— վրա բերեց Շահյանը` հափշտակված այդ գեղեցիկ կնոջ անսեթևեթ վարմունքից, և դարձյալ կարմրեց։

— Դուք շատ բարի եք, պանի Զդանևիչ,— արտասանեց Բազենյանը։

— Իմ բարությունը մի կողմ թողեք և պատմեցեք մանրամասնությունները։

Բազենյանը սկսեց պատմելը։ Նրա պատմությունը չոր էր։

Շահյանը արդեն փոքր-ինչ ընտելացել էր պանի Զդանևիչի ներկայությանը և, լուռ նստած, հետաքրքրությամբ դիտում էր նրան իր պարզ ակնոցների միջից, օգուտ քաղելով այն հանգամանքից, որ այդ կնոջ ամբողջ ուշադրությունը Բազենյանի կողմն էր։ Չափից դուրս գեղեցիկ էր թվում նրան այդ հսկա կինը, ավելի գեղեցիկ, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսավ նրան «Միխայլովո» կայարանում։ Սև ատլասի մեջ ամուր սեղմված այդ շքեղ իրանը, այդ բարձր կուրծքը, այդ փարթամ ուսերը և հպարտորեն բարձրացած այդ գլուխն իր չափազանց հարուստ մազերով, իր ազնիվ, պլաստիկական դիմագծերով, որոնց մեջ, չնայելով տարիքին, դեռևս նկատելի էր խնամքով պահպանված երիտասարդական թարմությունը,— այդ բոլորը երկյուղ ազդելու չափ վեհություն և, միևնույն ժամանակ, անդիմադրելի հմայքի ուժ էին տալիս նրան։ «Սա կարող է թագուհի լինել»,— մտածում էր Շահյանը և զարմանում էր, թե ինչպես այդպիսի մի կին մինչև անգամ լայեղ էր արել մտնել այդ սենյակը։

Բազենյանի պատմությունը լսելիս պանի Չդանևիչը ջերմ հետաքրքրություն էր ցույց տալիս։ Այնտեղ, ուր կարեկցություն էր հարկավոր, նրա դեմքն արտահայտում էր ավելի, քան կարեկցություն, և այդ բանից Շահյանը եզրակացնում էր, որ նա խիստ բարի կին է։

Մինչդեռ Բազենյանը պատմում էր, կարծես, ակամա և ամենևին չէր նայում պանի Չդանևիչին։ Առհասարակ ինչ-որ օտարոտի ինքնազսպումն, նույնիսկ սառնություն էր նկատվում նրա վարվեցողության մեջ պանի Չդանևիչի վերաբերմամբ։ Շահյանը տեսնում էր այդ, և ընկերոջ այդ վարմունքն ավելի քան կոպիտ էր երևում նրան։ Ճնշված այդ բանից, նա նայում էր պանի Զդանևիչին և զարմանքով տեսնում