Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/166

Այս էջը հաստատված է

համակրանք, և գրեթե ոչ մի դժվարության չպիտի հանդիպեմ նրան տիրանալու։ Բայց ո՛չ, ասացի. վերածնությունը պետք է կատարյալ լինի, այլապես նորից նախկին ցեխի մեջ խրվելու վտանգի մեջ կգտնվեմ։ Բացի դրանից, ես չէի կարող անարգել իմ առաջին մաքուր սիրո հիշատակը և, որ գլխավորն է, ես ինձ արդեն սուրբ երդումով նվիրել էի այնպիսի մի վեհ գործի, որի առաջ անձնական վայելքը, այսպես ասած, մի պրոֆանացիա պիտի լիներ։ Եվ զսպեցի ինձ, և մինչև այժմ, էլ զսպում եմ։ Եվ այդ է պատճառը, որ քեզ թվացել է, թե ես կոպիտ լինելու չափ սառն վարվեցի նրա հետ։

Դուռը դրսից կամաց ծեծեցին։

— Ո՞վ է,— կանչեց Բազենյանը։

— Կարելի՞ է մտնել,— լսվեց դրսից։

— Լևոն, խնդրեմ՝ մի տես ով է։

Շահյանը դեռ դռանը չհասած, դուռը կամաց բացվեց, և երևաց Մարությանի գլուխը:

— Պարոն Շահյա՞ն,— բացականչեց Մարությանը և շտապով ներս մտավ։— Այստեղ ի՞նչ եք շինում։ Այստեղ չէ՞ ապրում Բազենյանը։

— Ահա Բազենյանը,— ցույց տվեց Շահյանը, զարմանալով, թե ի՞նչ գործ ունի նա Բազենյանի հետ։

Մարությանն արագ դարձավ դեպի Բազենյանի մահճակալը։

— Ա՛հ, պարոն Բազենյան... Դուք այստեղ ե՞ք պառկած։ Ես գնացի հիվանդանոց, ասացին, որ դուրս եք եկել։ Կարծեցի, թե բոլորովին առողջացել եք և շատ ուրախացա, մինչդեռ եկել այստեղ եք պառկել։ Ինչպե՞ս եք, մի՞թե հիմա լավ չեք։

— Փառք աստծո, հիմա բավական լավ եմ։

— Ի սեր աստծո, շուտով առողջացեք, թե չէ՝ այդ բանի նման չէ։ Պարոն Շահյա՛ն... դո՞ւք այստեղ ինչ եք շինում։

— Ընկերս է, եկել եմ տեսության։

— Հա-հա՞, մի՞թե... Դուք այդպիսի պատվական ընկերներ եք ունեցել,— մեկը Մինասյանը, մյուսը սա,— և ես այդ պատահմունքո՞վ պիտի իմանամ։ Դուք գիտե՞ք, որ պարոն Բազենյանն իմ երեխիս է փրկել։