Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/174

Այս էջը հաստատված է

Ահա ներկայացնում եմ քեզ մեր Սուրենի ազատչին, որին այնքան ցանկանում էիր տեսնել։ Իմ կինս է,— դարձավ նա Բազենյանին։

Բազենյանն այդ աղմկալի ընդունելությունից չգիտեր ինչ աներ և շարունակ ժպտում էր ինքնավստահ համտեսությամբ։

— Ներեցեք, տիկին, ես ստիպված եմ ձեզ իմ ձախ ձեռքը տալ,— ասաց նա, թեթև խոնարհվելով։

— Ա՜խ, ձեր ա՞ջ ձեռքն է վնասվել,— մեղմորեն և ցավագին բացականչեց Թեկլեն։— Ինչքա՛ն ցավում եմ, ինչքա՛ն ցավում եմ։

— Բան չկա,— նկատեց Մարությանը,— շուտով բախտ կունենանք աջ ձեռքը սեղմելու։ Ա՜, արի՛ այստեղ, չարաճճի,— հանկարծ կանչեց նա և վազեց դեպի Սուրենը, որ կանգնել էր դռան շեմքում և երեխայական մտառու հետաքրքրությամբ նայում էր հյուրերին։ Հայրը բռնեց երեխայի ձեռքից և առաջ բերեց։— Տես ով է եկել։ Ճանաչո՞ւմ ես այս պարոնին։

Երեխան լուրջ հայացքով և փոքր-ինչ քաշվելով դիտում էր Բազենյանի ժպտող դեմքը։

— Չե՞ս ճանաչում։ Սա ա՛յն պարոնն է, չարաճճի, որ քեզ ազատեց կառքի տակ ընկնելուց։ Դե, շնորհակալություն հայտնիր։

Սուրենն այս անգամ նայեց Բազենյանին հոնքերի տակից, ժպտաց մանկական ամոթխածությամբ և սիրուն աչքերը վայր թողեց։

—Սնոլակալ եմ,— շշնջաց նա, հագուստի փեշը մատի վրա փաթաթելով։

—է՜, լավ ասա, է՛։ Ասա, շատ շնորհակալ եմ, պարոն, որ ինձ ազատեցիք։

— Սատ սնոլակալ եմ, պալոն, ոլ ինձ ազատեցիք,— կրկնեց Սուրենը։

— Այ այդպես, ապրիս,— բացականչեց Մարությանը և կամաց կմշտեց որդու թուշը։

— Ես քեզ ազատեցի, որովհետև այդքան խելոք տղա ես,— շոյեց երեխային Բազենյանը։— Եկ ինձ մոտ. մենք այսուհետև բարեկամներ ենք։ Իմ անունն էլ Սուրեն է։