Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/18

Այս էջը հաստատված է

3

Դահլիճում մի կտոր խավյարով բուտերբրոդ և չափից դուրս հում բիֆշտեքս ուտելուց և վրան էլ մի քանի բաժակ գարեջուր խմելուց հետո, երբ Շահյանը վերադարձավ վագոն, տեսավ, որ վագոնը գրեթե լցված է նոր ուղևորներով։ նոր ուղևորներից մի քանիսը բռնել էին իր հանդեպի նստարանը, և մինչև անգամ իր նստարանի վրա փառավորապես բազմել էին երկու գորեցի՝ խուրջիններով, կողովներով և ուրիշ կապոցներով։ Նա ուզում էր խուրջինների վրայից շեք տալով անցնել իր տեղը, լուսամուտի տակ, նստելու համար, երբ հանկարծ լսեց Մարությանի ձայնը.

— Պարոն Շահյան, համեցեք այստեղ, համեցեք այստեղ։

Շահյանը նայեց այն կողմը, որտեղից եկավ այդ ձայնը, և տեսավ Մարությանին, որ իր ընտանիքի հետ տեղավորվել էր ուրիշ երկու նստարանի վրա վագոնի մյուս ծայրին:

— Այստեղ, այստեղ, ձեր տեղը բռնել են, եկեք մեզ մոտ,— բղավում էր Մարությանը։

— Շնորհակալ եմ. ինձ համար էլի տեղ կա,— պատասխանեց Շահյանը ժպտալով։

Այս անգամ նա տեսավ, որ երեք կին և մի երեխա հետաքրքրությամբ նայում էին իրեն սպասողական դրության մեջ։

— Դե՛հ, մենակ խո չե՞ք նստիլ այդտեղ. եկեք կխոսենք, էլի։ Տեղ շատ կա այստեղ, մի վախենաք, եկեք։

Շահյանը մեկ ուզեց վերցնել իր բարձը, առանց իմանալու, թե ինչու, բայց թողեց և գնաց Մարությանների մոտ։

Մ արությանն անմիջապես ծանոթացրեց իր ընտանիքի