Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/181

Այս էջը հաստատված է

— Պարոն Բազենյան։ Չգիտեմ՝ դուք լսե՞լ եք օր. Աշխենի մասին։

— Եթե չեմ սխալվում, նա ձեր...— դիմեց Բազենյանը Մարությանին։

— Եղբորս աղջիկն է։

— Որը վարժուհու համեստ պաշտոնով գյուղն է գնացել,— վրա բերեց օր. Սահակյանը։— Տեսնո՞ւմ եք այս տունը. նա ապրել է այս տան մեջ երկար տարիներ,— նա որբ է,— խաղաղ, հանգիստ կյանք է վարել իր հարգելի հորեղբոր և նրա հարգելի ամուսնու խնամքի տակ, որոնք իրենց հարազատ աղջկանից ոչնչով չեն զանազանել նրան։ Բայց և այնպես թողել է իր ամենայնիվ ապահովված կյանքը և զրկանքներով լի գյուղն է գնացել խավար ժողովրդի մեջ լույս տարածելու համար։ Նա սիրված և մանավանդ հարգված է եղել ամենքից։ Հարգված բառը շեշտում եմ նրա համար, որ, իմ կարծիքով, հարգանքի զգացում թելադրելու համար ավելի մեծ ուժ է հարկավոր, քան թե սիրո զգացում, որովհետև հարգանքն ավելի ճշմարիտ, ավելի դիմացկուն և ավելի ազնիվ զգացում է, քան թե սերը, որը միշտ պատահական և անցողակի է լինում և հազիվ թե առաջանում է մարդու ներքին արժանիքի գնահատումից։ Սիրվում են հարյուրից իննսունուինն, բայց հարյուրից մեկը հազիվ է հարգվում։ Ասելս այն է, թե, ուրեմն, որպիսի անսովոր աղջիկ է Աշխենը, որ կարողացել է հարգել տալ իրեն ամենքին։ Կարող եմ ձեզ հավատացնել, պարոններ, որ ես չափազանց թերահավատ և, մանավանդ մարդկային արժանիքները գնահատելու գործում, խիստ հոռետես եմ. ուստի կարծում եմ, այս բանն արդեն բավական պիտի լինի համոզելու ձեզ, թե ի՛նչ է օր. Աշխենը, որի մասին այդպես ոգևորված եմ խոսում։

— Ես կատարելապես հավատում եմ ձեզ, օրիորդ,— ասաց Բազենյանը։— Մի օրիորդ, որ դաստիարակվել է պարոն Մարությանի և նրա հարգելի ամուսնու ձեռքի տակ, իհարկե, ուրիշ կերպ չէր կարող լինել։

— Ինչո՞ւ «իհարկե»,— նկատեց Մարությանը ծիծաղելով։— Կամ ես ու իմ ամուսինս ի՞նչ գործ ունինք այստեղ, որ մեզ խառնում եք մեջը։ Եղբորս աղջիկը, ճիշտ է,