Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/185

Այս էջը հաստատված է

— Ահա՛, տեսնո՞ւմ եք,— վրա բերեց օր. Սահակյանը,— ուրեմն կարիք եղել է, որ փոքր-ինչ առաջ խոսելիս եք եղել այդ մասին։

Ամենքի դեմքի վրայով մի թեթև ժպիտ անցավ ակամա։ Ժպտաց և Բազենյանը։ Նա տեսավ, որ այդ մարմնեղ աղջիկը բավական ճարպիկ լեզու ունի և շատ բանում կարող է այդպես հանկարծակիի բերել իրեն, ուստի վճռեց զգույշ լինել։ Ժպտալով նա փոքր-ինչ առաջ խոնարհվեց դեպի օր. Սահակյանը և ասաց վերին աստիճանի քաղաքավարությամբ.

— ներեցեք, օրիորդ. չե՞ք նեղանալ, եթե մի բան ասեմ։

— Նայելով թե ինչ կասեք։

— Ինչպես երևում է, դուք սիրում եք կատակ անել։

Օր. Սահակյանը բարձրաձայն ծիծաղեց։

— Ես էլ ասացի, թե ինչ եք ուզում ասել։ Իհարկե, ես շատ եմ սիրում կատակ անել, այնպես որ դուք կարող էիք համարձակ ձեր նկատողությունն անել։ Բայց այսպիսի խնդիրներում,— ավելացրեց նա լրջորեն,— ներեցեք, ես սիրում եմ լուրջ կերպով խոսել։ Ես, ախր, բոլորովին ուրիշ կարծիք ունիմ ձեր ասած շարժումների մասին։

— Շատ հետաքրքրական է իմանալ, օրիորդ, ձեր կարծիքը,— այս անգամ արդեն հեգնանքի հասցրած ծայրահեղ քաղաքավարությամբ նկատեց Բազենյանը։

— Անշուշտ հետաքրքրական է և շա՛տ հետաքրքրական, պարո՛ն,— նրա հեգնական տոնից առնվելով առանձին շեշտ տվեց իր ձայնին օր. Սահակյանը։— Բայց մի մոռանաք, որ խոսքը նախ ձեզ է պատկանում, դեռ դուք ապացուցեցեք ինձ, թե ինչո՞ւ լեռն անպատճառ փիղ պիտի ծնի և ոչ մուկ, այնուհետև ես իմը կասեմ։ Ես, տեսնում եք, չեմ փախչում։

Բազենյանը ծիծաղեց։

— Ուզում եք ասել՝ ես փախչո՞ւմ եմ։

Օր. Սահակյանն արագությամբ դարձավ Մարությանին.

— Պարոն Մարության, դուք ասացեք, ես մեղավո՞ր եմ, որ պարոնն այդ եզրակացությունը հանեց իմ խոսքերից։

— Լավ, լավ,— մեջ ընկավ Մարությանը, տեսնելով, որ բանը շատ հեռու է գնում։— Դա այնպիսի խմոր է, որ շատ ջուր կվերցնի, ուստի խնդրում եմ, վերջ դնեք ձեր վիճաբանությանը և կարդաք այս նամակը: