Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/189

Այս էջը հաստատված է

Դրա համար հարկավոր է լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս։ Պ. Մինասյանը...»:

— Դուք ճանաչո՞ւմ եք Մինասյանին, պարոն Բազենյան,— հանկարծ հարցրեց օր. Սահակյանը, նամակի ընթերցումը ընդհատելով։

— Մինասյանի՞ն... ոչ։ Ո՞վ է։

— Մեր սակավաթիվ մասնագետ գյուղատնտեսներից մեկը և ժողովրդական բանահավաք։ Դուք նրան գոնե մեր գրականությունից պիտի ծանոթ լինեիք։

— Մինասյա՞ն... Այդպիսի գրող չեմ ճանաչում։

— Ուրեմն չեք հետևում գրականությանը,— նկատեց օր. Սահակյանը և պատրաստվեց նամակի ընթերցումը շարունակելու:

Բազենյանը զգաց, որ կարմրում է դեպի իր հակառակորդը տածած չարությունից։

— Ներեցեք, գուցե նա մի անհայտ...

— Ո՛չ, մեր ժողովրդական գրականության մեջ նա բավական հայտնի է, և հայտնիներ էլ շատ չունինք,— կտրեց նրա խոսքն օր. Սահակյանը և շարունակեց նամակի ընթերցումը։

«Պ. Մինասյանը կրթության մեջ ոչ թե միայն ընդհանրապես մարդկային առաջադիմության միջոց է տեսնում, այլև — ամենակարճ ճանապարհը, որով գյուղացին կարող է տնտեսական փոքրիշատե բարվոք վիճակի հասնել։ Տուր գյուղացուն հող էլ, փող էլ, կարճ ժամանակից հետո նա նույն հացակարոտ աղքատը կմնա, եթե կրթություն չես տալ նրան, որ այդ հողն ու փողը կառավարել կարողանա։ Ահա այս հիմնական միտքն իրեն առաջնորդ ունենալով, պ. Մինասյանը նվիրվել է ուսումնարանի գործին արտասովոր եռանդով: Այս կատարյալ հերոսություն է, եթե ի նկատի առնենք այն ահագին դժվարությունները, որոնց դեմ ստիպված է նա մաքառել։ Այս երիտասարդն իր հաստատուն բնավորությամբ, իր անհանգիստ աշխատասիրությամբ, նպատակին ձգտող իր համառ գործունեությամբ կատարելապես զարմացնում է ինձ։ Աշխատում է գիշեր-ցերեկ, անում է ամեն բան, չեղած տեղը գործ է ստեղծում, որ պարապ չմնա։ Գյուղատնտեսության մեջ մանավանդ նրա կատարած գործերն ահագին են։ Գյուղացիները