Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/190

Այս էջը հաստատված է

կատարյալ հավատ են ընծայում նրան, որովհետև գիտե նրանց բան հասկացնելու կերպը. իսկ գյուղացիներին բան հասկացնելու համար ուղղակի տաղանդ է հարկավոր ինտելիգենտ մարդուն։ Ասենք, Մինասյանին այս գործում մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ նա, շատերի պես, երբեք չի կտրել իր կապը գյուղի հետ։ Անցած ամսին այստեղ էր եկել, քսան տարվա բացակայությունից հետո, գյուղիս համփա բնակիչներից մեկի ինժեներ որդին ժառանգական կալվածական մի վեճի համար։ Երբ ինձ ասացին, թե այսինչ տան զավակն է, ուղղակի ապշեցի,— այն աստիճան օտար էր նա գյուղին իր լեզվով, սովորություններով, նիստուկացով, էլ չեմ ասում տարազով։ Ես ու Մինասյանը ներկա էինք համագյուղացիների հետ նրա ունեցած վեճին։ Մարդն ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց իր խելացի հայացքներով, բարի զգացումներով և հակառակորդներին ըստ ամենայնի զիջում անելու ցանկություններով. բայց արի տես, որ ամբողջ երկու ժամ խոսում էր գյուղացիների հետ և ոչինչ չէր կարողանում հասկացնել նրանց։ Գյուղացիները բան հասկացան միայն այն ժամանակ, երբ միջամտեց Մինասյանը և մի քանի խոսքով բացատրեց նրանց բանի էությունը նրանց լեզվով և զարմանալի պարզ օրինակներով։ Եթե ասեմ, որ Մինասյանը գյուղի կուռքն է և ամբողջ գավառում մեծ հեղինակություն է վայելում, չափազանցություն արած չեմ լինիլ: Բայց նա ունի և զորեղ թշնամիներ։ Դրանք, գլխավորապես, վաշխառուներն են, որոնցից մեկն այս օրերս գանգատ է տվել նրա դեմ նահանգական դատարանին՝ օրագրի մեջ իր մասին նրա արած մի մերկացման համար։

Ես գրում եմ իմ առաջին տպավորությունները, սիրելի Վարո։ Չգիտեմ, գյուղն ու գյուղական կյանքն ինձ համար նորություն է — դրա՞ համար է ինձ այստեղ ամեն բան մռայլ թվում, թե՞ այդ իսկապես այդպես է։ Գոնե մխիթարական ես ոչինչ չեմ գտնում այստեղ։ Միակ մխիթարականը և հուսատուն, որ լուսատու մենավոր աստղի պես պայծառ փայլում է այս թխպոտ հորիզոնի վրա, դա պ. Մինասյանն է։ Չայց մի ծաղկով գարո՞ւն կգա...»։

— Դու էլ մեկ — երկու, երկուսով խո կգա,— ասաց օր. Սահակյանն Աշխենի հասցեին և նամակը ծալեց։— Ահա, այս