Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/194

Այս էջը հաստատված է

ծանրաշարժ սայլերը, ահագին փափախների տակ ճնշված մարդիկ, բերանն ու քթները կալած կանայք, կեղտոտ ու գզգզված երեխաները, անհամար քոսոտ շները,— ամեն, ամեն բան ինձ վերին աստիճանի տգեղ և հակակրելի էր թվում։ Կարծում էի, թե հանկարծ ընկել եմ վայրենի մի աշխարհ, ուր ամեն ինչ խորթ ու անծանոթ էր ինձ։ Ինձ վրա նայում էին զարմանքով և կասկածով։ Կանայք մանավանդ ավելի էին խրտնում ինձնից,— չեմ հասկանում ինչու։ Շատ անգամ, երբ հարևանի կովը ցեխոտ պոչը տատանելով անցնում էր առաջովս, ինձ թվում էր, թե այդ անասունն անգամ իր հիմար աչքերով ուրիշ կերպ էր նայում ինձ,— ոչ այնպես, ինչպես սովորական գյուղացիներին։

Առաջին իսկ օրից դառնությամբ, գրեթե տանջվելով զգացի, որ ոչինչ չպիտի կարողանամ շինել այստեղ։ Իմ և ինձ շրջապատող մարդկանց միջև ոչ մի առնչություն չէի տեսնում։ Ոչ ես էի հասկանում սրանց, ոչ սրանք էին հասկանում ինձ։ Այդ քիչ է. ինձ թվում էր, թե երբեք չպիտի կարողանամ անկեղծորեն համակրել և սիրել այս բիրտ, կասկածոտ և տգեղ մարդկանց, որոնց բարօրության գործին վճռել էի նվիրել ինձ այդտեղ իմ մաքուր սենյակում նստած։ Այս կետը մանավանդ մեծ մտահոգություն էր պատճառում ինձ և երևան էր հանում իմ մեջ այնպիսի անծանոթ գծեր, որ ուղղակի ապշած էի մնում և չէի ճանաչում ինքս ինձ։ Ի՞նչ էր նշանակում այս խորթությունը, այս օտարությունը, այս զզվանքը, վերջապես։ Ես արիստոկրատ չէի ծնվել, ընդհակառակը՝ պատկանում էի ժողովրդի նույն ստորին խավին, ինչ որ սրանք, այս կոշտ ու կոպիտ, այս անմաքուր ու տգեղ գյուղացիները, և մեր ծագման միջև եթե մի տարբերություն կար, այդ էլ զուտ աշխարհագրական էր. ես ծնվել էի քաղաքում, սրանք — գյուղում։ Ուրեմն ո՞րտեղից էր այս «արիստոկրատիզմը», որի գոյությունն իմ մեջ մինչև այստեղ գալս երևակայել անգամ չէի կարող... Այս ու այսպիսի հազարավոր մտքերի ճնշման տակ, հանկարծ հիմարություն և, որ ավելի վատ է, կեղծիք թվաց ինձ իմ «անձնուրացությունը»։ Այս էր ամենաանտանելին, որովհետև այս միտքն ինձ նվաստացրեց իմ աչքում վերին աստիճանի, ինքս ինձնից ամաչելու չափ...