Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/196

Այս էջը հաստատված է

որ օր. Սահակյանն այդպես հաճախ ընդհատում է նամակի ընթերցումը և ամեն անգամ անտեղի կերպով ուզում է խայթել Բազենյանին։

— Բացի ինքնագովությունից,— վրա բերեց օր. Սահակյանը հեգնորեն,— շարունակությունն այսպես ասած աշակերտական բարոյախոսություն է, որը կարող է ձանձրալի լինել, ինչպես ամեն մի բարոյախոսություն։

— Տե՛ր իմ աստվա՛ծ... ձեր ի՞նչ գործն է. դուք կարդացեք։

Օր. Սահակյանը ծիծաղեց Մարությանի զայրացկոտության վրա և դարձավ Եվային.

— Կարդա՞մ, Եվա։

— Ինչո՞ւ չպետք է կարդաս,— ասաց Եվան կամաց։

Նրա դեմքը սառնություն էր արտահայտում։

Օր. Սահակյանը նորից բաց արեց նամակը։

«Այդ համբերությունն ու բարոյական ուժն ես արդեն առիթ եմ ունեցել զարգացնելու իմ մեջ»— կարդաց նա կիսատ թողած նախադասությունը և լռեց։

Ամենքն էլ տեսան, որ նա շարունակությունը մտքումն է կարդում։ Եվան կամաց թեքվեց դեպի նա, սկսեց նայել նամակին և տեսավ, որ նա մի շարք տողեր բաց թողեց։

Օր. Uահակյանը շտապով դարձրեց թերթը և շարունակեց.

«Ահա հենց այդ համբերությամբն ու բարոյական ուժովս էր, որ կարողացա դիմանալ սկզբնական դժվարություններին, որոնք գուցե շատ չնչին բաներ էին, բայց ինձ, որովհետև խամ էի, ծանր էին թվում։ Ծանր էին թվում մանավանդ այն պատճառով, որ կարծում էի, թե բավական է, որ մարդ ոգևորված լինի այս կամ այն գաղափարով, մնացածը հեշտ է։ Մինչդեռ փորձն ինձ ցույց էր տալիս, որ գեղեցիկ գաղափարների իրագործումը շրջապատված է տգեղ պայմաններով, այնքան ավելի տգեղ, որքան մարդ շատ է լինում ոգևորված։ Կրկնում եմ. այդ ես փորձով տեսնում ու զգում էի, ուրեմն և հասկանում, որ այդ այդպես էլ պետք է լինի և ուրիշ կերպ չի կարող լինել։ Մյուս կողմից, ինչպես ասացի, ինձ ուժ էր տալիս այն գիտակցությունը, թե դժվարություններից փախչելն առհասարակ ամոթալի բան է, երբ այդ դժվարություններն ինքդ ես կամովին հանձն առել կրելու։ Բացի այդ, ինձ