Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/198

Այս էջը հաստատված է

և դրանով միայն մարդը կարող է աստվածանալ, որին ճգնում է նա հասնել։ Քանի՜ դար է ահա, որ քարոզվում է այդ գաղափարը, որը, սակայն, դեռևս լոկ մեռած տառ է հանդիսանում և եթե անցել է գործադրության, անցել է չափից դուրս սահմանափակ և չոր մտքով։ Ինչո՞ւ։ Այդ նրանից չէ՞ արդյոք, որ մարդիկ հոգին համաչափ կերպով չեն զարգացնում մտքի հետ։ Պատճառն այն չէ՞ արդյոք, որ միտքն առաջ է սլացել, հոգին ետ է մնացել։ Միտքը հսկայական թռիչքներ է գործում երկրի անդունդներից մինչև երկնքի անհունությունը, իսկ հոգին դեռևս խարխափում է խավարի մեջ և շարժվում է կրիայի քայլերով։ Ես հավատում եմ մտքի հաղթանակին։ Բայց ավելի ևս հավատում եմ հոգու հաղթանակին։ Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքն առաջ կընթանան ձեռք ձեռքի տված...»:

— Ես վերջացրի,— ասաց օր. Սահակյանը և դանդաղորեն ծալեց նամակը։

Սենյակում կարճ ժամանակ խոր լռություն տիրեց։ Այդպես է լինում միշտ, երբ որևէ գրվածքի ընթերցումը գրողի համար կամ աննպաստ, կամ խիստ նպաստավոր տպավորություն է թողնում ունկնդիրների վրա։

8

— Բռա՜վո,— հանկարծ բացականչեց Մարությանը խիստ ոգևորված։— Բռա՜վո, Աշխե՛ն, բռա՜վո։ Ամեն մի բառը մի ոսկի արժե։ Օ՜, խելոք է, շատ խելոք։ Գիտե մտածել։ Այդպիսի մտքեր... Հիանալի՜ է, հիանալի՜։ Զարմանալի է. դուք հենց ամենահետաքրքրական կտորը չէիք ուզում կարդալ։

— Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք։ Ի՜նչ հետաքրքրական, ձանձրալի ասացեք,— հեգնորեն նկատեց օր. Սահակյանը և հարևանցի նայեց Բազենյանին։— Խելքին զոռ է տվել, էլի։ Փոխանակ բան գրելու, ինչ-որ անգիր արած ճռճռան ֆրազներ է շարել իրար ետևից։

— Բա՜ն ասացիք։ Իմ ի՞նչ գործն է, թե խելքին զոռ է տվել։ Դուք հայտնած մտքերն ասացեք։ Հետո, ինչպե՞ս թե անգիր արած։ Ներողություն։ Այդպե՞ս եք ճանաչում ձեր ընկերուհուն։ «Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին