Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/200

Այս էջը հաստատված է

— Եվ ասողն ո՞վ, ա՛յդ ասացեք.— մի հայ աղջիկ,— նորից հեգնեց օր. Սահակյանը և դարձյալ նայեց Բազենյանին։

Բազենյանն այլևս չկարողացավ համբերել։

— Օրիորդ, իզուր դուք հեգնում եք,— ասաց նա շատ սառը կերպով։— Ես կարող եմ հիանալ այդ նամակի մեջ հայտնված մտքերից և զարմանալ այն օրիորդի ընդունակության վրա, որ կարողացել է գրել այդպիսի մի նամակ, բայց և այնպես այդ չի խանգարում ինձ դարձյալ պնդելու, որ հայ աղջիկներն ընդհանրապես — ուսում առած, թե չառած — շատ չնչին և դատարկ արարածներ են, որ նրանք...

— Զարմանում եմ ձեզ վրա...

— Ներողություն, թողեք խոսքս վերջացնեմ... Որ նրանք ոչ թե չեն կարող այդպիսի նամակներ գրել, այլև երկու տող հասարակ բարովագիր գրելն անգամ մեծ դժվարություն է պատճառում նրանց։ Բացառությունները...

— Պարոն Բա...

— Ներողություն։ Բացառությունները շատ ուրախալի են այդպիսի դեպքերում, բայց հենց նրա՛ համար, որ բացառություններ են, կորցնում են, իրենց նշանակությունը։ Ընդհանրությունն է, որ իշխում է, ուրեմն և մեծ ցավ պիտի պատճառե։

Օր. Սահակյանը ծիծաղեց։

— Ախր, ո՞վ է հակառակը պնդում, պարոն Բազենյան, որ դուք առանց ներողությունների չեք շարունակում ձեր խոսքը։ Եթե մեր միջև մի թյուրիմացություն կա, այդ, կարծեմ, ոչ թե աղջիկների մասին է, այլ — երիտասարդների։

— Գիտեմ։ Բայց ձեր կարծիքը մեր երիտասարդների մասին հերքվում է ամենից առաջ այդ նամակով։

— Ինչպե՞ս։

— Խնդրեմ նորից կարդացեք Մինասյանի մասին գրված տողերը...

— Ա՜, հասկանում եմ ինչ եք ուզում ասել։

— Հետո պարոն Մարությանի որդին, որի մասին...

— Հետո, երևի դուք... հետո, երևի, պարոն Շահյանը,— վրա բերեց օր․ Սահակյանը և սկսեց կուշտ-կուշտ ծիծաղել։ Բայց, երևի ինքն էլ զգալով, որ չափն անցավ, հանկարծ