Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/206

Այս էջը հաստատված է

նա, երևի, շատ է ուզեցել ամուսնանալ, բայց ոչ ոք, գռեհկական լեզվով ասենք, ըռխին մտիկ չի տվել։ Եվ ահա խեղճին ուրիշ բան չի մնացել, բացի միայն քացախելուց իր օրիորդության մեջ և ատամները սրելուց մեր երիտասարդության դեմ։ Հը՞, դու ինչ ես կարծում, Լևոն։

— Ես կարծում եմ, որ դու... միայն քո ոխն ես ուզում հանել նրանից։

— Ի՞նչ... Ո՞խը... Հա՛, հա՛, հա՛, հա՛... Ա՛յ թե հիանալի հոգեբան ես եղել և լավ ես ճանաչում ինձ... Ես ոխ հանեմ մի պառավ օրիորդից իր անատամ հարձակումների համար և այն էլ նրա բացակայության ժամանակ... Չէ՛, Լևոն, այդ չեղավ. ուրիշ բան ասա, թե չէ՝ կպայթեմ ծիծաղելուց։

Բազենյանը ծիծաղում էր այնքան սրտանց և անկեղծ, որ Շահյանին թվաց, թե իր ասածը պետք է որ իսկապես հիմարություն լիներ։

— Ասա, խնդրեմ, ուրիշ ինչպե՞ս բացատրեմ քո այդ նազելի օրիորդի այն տխմար ծայրահեղությունը, որ ուրանում էր մինչև անգամ շարժումների նշանակությունը, այն շարժումների, որոնք բացառապես մեր երիտասարդների գործն են։ Նկատիր, սիրելիդ իմ Լևոն, որ նա հայ աղջիկներին էլ չէր պաշտպանում իմ կարծիքի դեմ, որովհետև մյուս աղջիկները, գոնե իրեն շրջապատողները, ինչպես, օրինակ, Մարությանի աղջիկը, ջահել և գեղեցիկ են իրենից։ Բայց ի՜նչ եմ ասում. ես ուղղակի սրբապղծություն եմ գործում, որ Մարությանի աղջկան համեմատում եմ նրա հետ։

— Հապա ինչո՞ւ այնպես եռանդով գովաբանում էր Աշխենին։

— Նրան, որի նամակը կարդո՞ւմ էր։

— Հենց նրան։

— Երևի նա էլ իր պես պառավ և տգեղ է։

— Ընդհակառակը, նա շատ ջահել է և բավական էլ գեղեցիկ։

— Կամ գովաբանում է նրա՛ համար, որ իր մտերիմն է։ Բայց այդ նշանակություն չունի։ Նա համաձայն էր ինձ հետ, որ հայ աղջիկներն ընդհանրապես դատարկ և չնչին արարածներ են։ Իսկ այն գյուղ գնացած աղջիկն էլ իր ճռճռան