Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/208

Այս էջը հաստատված է

որ զսպի այդ զգացումը, անտարբեր ձևանա և մի բան ասի իրեն չմատնելու համար, բայց չէր կարողանում։

— Այսքան ժամանակ ծանոթ ես այդ ընտանիքի հետ և ինչպե՞ս է եղել, որ չես սիրահարվել այդ հրաշալի աղջկա վրա,— նկատեց Բազենյանը և ծիծաղեց։— Քո տեղ որ ես լինեի, աստված է վկա, Լևոն, անպատճառ կսիրահարվեի։

Շահյանը քիչ մնաց, որ ետ դառնար և ապտակ տար նրա երեսին — այն աստիճան լիրբ և հանդուգն թվաց նրան Բազենյանի մեղմ, խորհրդավոր ծիծաղը: Նա միայն այնքան քաջություն ունեցավ, որ թևը խլեց ընկերոջ ձեռքից։ Հենց սկզբից անդիմադրելի մի նողկանք էր զգում Բազենյանի ձեռքի շոշափումից։

— Հիմարություններ որ դուրս չտաս, ավելի լավ կլինի,— ասաց և քայլերն արագացրեց։ Այդպիսի բառերով դեռ երբեք չէր խոսել Բազենյանի հետ։

Բազենյանը շարունակեց ծիծաղել։

— Լևո՛ն, դու մատնեցիր քեզ,— բացականչեց նա։

Շահյանը զգաց, որ հանկարծ զգացած բարկությունից արդեն խիստ ջղային է դառնում, բայց զսպեց իրեն և ոչինչ չասաց։

— Լավ, էլ ի՞նչ ես վազում,— կանչեց Բազենյանը։ — Այս ձյունի մեջ դեռ մի լավ էլ կդրմփաս։

Շահյանը նոր նկատեց, որ բավական առաջ է ընկել և իրավ որ կամա-ակամա մատնում է իրեն։ Նա կանգ առավ, մինչև որ ընկերը հավասարվեց իրեն։

— Այսօր ինչ-որ ուրիշ տեսակ ես երևում, Լևոն,— նկատեց Բազենյանն այս անգամ լրջորեն։— Մարությանների տանն էլ ամբողջ ժամանակ նստած էիր այնպես լուռ ու մռայլ, որ կարծես աշխարհիս բոլոր դարդերը քեզ են տվել։

Շահյանը մեքենայաբար թափ տվեց վերարկուի կրծքին և փեշին սպիտակ շերտով նստած ձյունը։

— Խո դեռ տանն ասացի քեզ, որ տրամադրությունս այսօր վատ է,— ասաց նա հանգիստ եղանակով,— այս անտեր մելամաղձությունից չկարողացա ազատվել:

— Այդ նրանից է, որ ճգնավորի կյանք ես վարում,— նկատեց Բազենյանը, նորից մտերմորեն առնելով նրա և նրա հետ առաջ քայլելով։— Իմացիր, որ բնությանը հակառակ