Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/211

Այս էջը հաստատված է

և օրիորդների մեջ։ Կարծես հենց այդ էր պատճառը, որ Եվան այդտեղ այնքան գեղեցիկ ու գրավիչ չերևաց Շահյանին, ինչպես տանը։ Հասակով նա, կարծես, փոքրացել էլ էր։ Բայց և այնպես, նրան տեսնելուն պես Շահյանի սիրտը թրթռաց վերին աստիճանի քաղցր ու քնքուշ մի զգացումով։ Այդ զգացումը նոր չէր Շահյանի համար։ Եվայի հանդիպումը միշտ միևնույն գգացումն էր հարուցել նրա մեջ։ Սակայն այս անգամ այդ զգացումը մի առանձին ուժ ուներ, անդիմադրելի մի ուժ, որ քաղցրության հետ միասին ինչ-որ անորակելի մի դառնություն պատճառեց նրան։ Նա լուռ բարևեց Թեկլեին ու Եվային և զգաց, որ այժմ դեպի նրանց ունեցած իր բարեկամությունն այնպես ազատ ու ինքնաբուխ չէ, ինչպես առաջ, երբ նոր էր ծանոթացել նրանց հետ։

— Դուք մենա՞կ եք եկել,— հարցրեց Թեկլեն։

— Այո։

— Հապա պարոն Բազենյա՞նը։ Չի՞ գալու։

Շահյանն առաջուց արդեն զգում էր, որ առաջին խոսքը Բազենյանի մասին պիտի լինի, և հանկարծ մի տարօրինակ սառնություն տիրեց նրան։

— Չգիտեմ,— պատասխանեց նա չոր-չոր։

— Ինչպե՞ս է այժմ նրա ձեռքը։ Հույս ունիմ, շատ լավ է։

— Չգիտեմ, չեմ տեսել նրան։

— Մի՞թե կարելի է, նրա ընկերն եք և չեք հետաքրքրվում նրա առողջությամբ։ Ա՜խ, որ իմանաք, պարոն Շահյան, որքա՜ն երախտապարտ ենք նրան... Ուղղակի որդուս պես սիրեցի։ Ինչքա՜ն բարի, ինչքա՜ն ազնիվ երիտասարդ է։

Շահյանը թույլ կերպով ժպտաց, բայց իսկույն, կարծես մի սուր ցավից, կծեց ներքին շրթունքը և նայեց Եվային։

— Ասացեք, պարոն Շահյան, վաղո՞ւց է, որ բարեկամ եք նրա հետ,— հարցրեց Եվան, նայելով նրան իր խոշոր աչքերով, տարօրինակ լրջությամբ։

— Վաղուց է։

— Չե՞ք կարող ասել, ի՛նչ գործի է նա իսկապես։

— Ո՛չ մի գործի— դուրս թռավ Շահյանի բերանից և նա թե՛ վախեցավ և թե՛ զարմացավ այն առանձին շեշտի վրա, որ տվեց այդ բառերին։