Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/216

Այս էջը հաստատված է

Էգուց էլ ժամը ութին դասի պետք է գնամ։ Ամեն բան իմ վզին են գցել ու հեռացել: Այնպե՜ս զայրանում եմ...

— Միշտ այդպես է լինում, օրիորդ, երբ ընկերներից մեկը եռանդով է կպչում գործին, մյուսները ամեն բան նրա վրա են թողնում,— նկատեց Շահյանը չլռելու համար, բայց ինքը խիստ հավանեց իր այդ նկատողությունը։

— Դրա համար էլ գործին եռանդով կպչողները շատ շուտ են սառում,— վրա բերեց օր. Սահակյանը։— Հիմա աստված ուժ տա մեր պարողների ոտներին. մինչև լուսադեմ պետք է մաշեն հատակը։ Դուք չե՞ք պարում։

Շահյանը Ժպտաց։

— Ես պարել չգիտեմ:

— Մի՞թե։ Զարմանալի է։

Թև թևի տված, բարձրաձայն խոսելով ու ծիծաղելով, մոտեցան օր. Սահակյանին ծանոթ երկու օրիորդներ։ Օր. Սահակյանը զբաղվեց նրանցով, իսկ Շահյանը անմիջապես վեր կացավ և հեռացավ։ Եվան ու Բազենյանը նստած էին առաջվա տեղը։ Շահյանը դարձյալ ցույց տվեց, թե չտեսավ նրանց և, շեղակի անցնելով, մտավ սեղանատուն։

11

Եվան թեթևակի նայեց Շահյանի ետևից և դարձավ Բազենյանին ժպտալով.

— Գիտե՞ք ինչ կա, պարոն Բազենյան։ Փոքր-ինչ առաջ, երբ դուք դեռ չէիք եկել, ես այնքան անզգույշ եղա, որ ուզեցի իմանալ Շահյանից, թե դուք ինչ գործի եք։ Երևակայեցեք, նա ինձ այնպիսի չոր պատասխան տվեց, որ սաստիկ զղջացի անզգույշ հետաքրքրությանս համար։ Ինձ թվում է, թե Շահյանը իրավունք ուներ ինձ ոչինչ չասելու, որովհետև...— Եվան, գլուխը թեթևակի ետ ու առաջ տանելով, մեքենայաբար սկսեց ուղղել շրջազգեստը ծնկների վրա,— որովհետև լավ չէ առհասարակ, որ մարդ անտեղի հետաքրքրվում է ուրիշի գործերով... Այնպես չէ՞,— հարցրեց նա և հանկարծ նայեց Բազենյանին համարձակ, մտերմական ժպիտով։