Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/220

Այս էջը հաստատված է

— Այո, բայց հրեշտակ անունն էլ են գործածում,— նկատեց Բազենյանը նույնպես ծիծաղելով։— Օձը հակառակ ծայրն է։

— Ինչպես և հրեշտակը:

— Ուրեմն դարձյալ մեղուն է հարմարը, որ ես գործածեցի:

— Բայց դուք մեղր շինելու կողմից վերցրիք. մեղուն, ախր, սարսափելի խայթում էլ է։

— Այդ վնաս չունի, մեղուի խայթելը չի խանգարում նրա քաղցր մեղրը վայելելու:

Այդ այլաբանական խոսակցությունը բխում էր ինքնաբերաբար և մեծ հաճույք էր պատճառում երկուսին էլ։ Նրանք անկեղծ, ուրախ կերպով խնդում էին անդադար:

— Մենք, կարծեմ... շեղվեցինք,— առաջինը զսպելով իրեն, ասաց Եվան և լուրջ կերպարանք ընդունեց։— Ուրեմն դուք վստահում եք ինձ...

— Մինչև անգամ ավելի, քան դուք կարող եք երևակայել,— վրա բերեց Բազենյանը եռանդով։— Որովհետև... Թո՞ւյլ կտաք ինձ, օրիորդ, անկեղծ լինեմ ձեզ հետ:

Եվան զարմանքով նայեց նրա աչքերին:

— Մի՞թե անկեղծությունն ամենամեծ առաքինությունը չէ,— հարցրեց նա:

— Նայելով թե ով ինչպես է նայում,— հավատո՞վ, թե թերահավատությամբ:

Եվան այս անգամ ժպտաց:

— Մեր դերերը կարծես թե փոխվում են,— նկատեց նա,— այժմ դուք եք սկսել կասկածել, թե ես թերահավատությամբ պիտի նայեմ ձեզ վրա... Առհասարակ պիտի ասեմ ձեզ, պարոն Բազենյան,— լրջորեն ավելացրեց Եվան,— որ ես մեծ դժվարությամբ եմ ընդունում, թե մարդիկ կարող են անկեղծ չլինել, որովհետև չէ՞ որ այդ լավ չէ... լավ չէ ամենից առաջ հենց իրենց համար: Չէ՞:

— Շատ իրավացի է ձեր նկատողությունը, օրիորդ, և այդ միանգամայն պատիվ է բերում ձեր սրտի մաքրությանը: Դրանով դուք ավելի ևս խրախուսում եք ինձ, որ ձեզ հետ անկեղծ լինիմ։ Ձեզ վրա ունեցած վստահությունս այնքան մեծ է, որ ես ամենևին երկյուղ չունիմ ձեր առաջ բանալու մեր գործի այսպես ասած՝ սրբության սրբոցը: Ճիշտ է, անցած