Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/221

Այս էջը հաստատված է

գիշեր ձեր տանն արդեն շատ բան պարզեցի, բայց ոչ այն, ինչ որ մեր գործի իսկական գաղտնիքն է կազմում: Ես ավելին կասեմ, մինչև անգամ Շահյանին չեմ վստահացել հայտնել այն, ինչ որ ձեզ պիտի հայտնեմ։ Այսքան ժամանակ ես թափառում եմ երկրից երկիր, քաղաքից քաղաք, անցել եմ համարյա բոլոր հայաբնակ վայրերը, շատ կանանց, շատ օրիորդների հետ եմ ծանոթացել, բայց ոչ ոք այնպիսի վստահություն և համակրանք չի ներշնչել ինձ, ինչպես դուք...

Եվան ամեն կերպ աշխատեց, որ հանգիստ մնա, բայց և այնպես նկատելի կերպով շփոթվեց,— շփոթվեց ոչ այնքան Բազենյանի խոսքերից, որքան այն տարօրինակ վառվող հայացքից, որ Բազենյանը հառել էր իր վրա։

Բազենյանը տեսավ նրա շփոթմունքը և իսկույն զսպեց իրեն:

— Ներեցեք, օրիորդ, ես, կարծեմ, արդեն չափից դուրս անկեղծ եղա,— ասաց նա ժպտալով։— Այս դեպքում անկեղծությունն արդեն առաքինություն չէ։ Ես խիստ տպավորվող եմ, և բնավորությանս այս գիծն ինձ միշտ վնասել է: Խնդրում եմ, ներեցեք:

Եվան բոլորովին շփոթվեց։ Այդ րոպեին նա սաստիկ ցանկանում էր, որ հայրը կամ մայրը, կամ որևէ ծանոթ մարդ գար և խանգարեր այդ խոսակցությունը:

Սակայն Բազենյանը ինքը վերջ տվեց այդ խոսակցությանը:

— Մենք պետք է խոսեինք ուղղակի գործի մասին, մինչդեռ ավելի հեռացանք գործից,— ասաց նա և շուրջը մի զգուշավոր հայացք ձգելուց հետո շարունակեց։— Ես չեմ կարող և չպետք է ծածկեմ ձեզնից մեր գործի գաղտնիքները և հենց թեկուզ նրա համար, որ դուք, ինչպես տեսնում եմ, ի սրտե համակրում եք այդ գործը, և համոզված եմ, որ լոկ համակրելով չեք բավականանալ, եթե ամեն բան բոլորովին պարզ լինի ձեզ համար: Ի դեպ պետք է ասեմ, որ հասարակության մեջ, դժբախտաբար, կանխակալ կարծիքներ շատ կան տարածված մեր մասին։ Այդ կարծիքները շատ անգամ ուղղակի հրեշավոր գույներով են ներկայացնում մեզ: Մարդիկ կան, որոնք նույնիսկ ուրանում և վնասակար են համարում մեր կատարած գործը: Ձեր բարեկամ օր. Սահակյանն օրինակ: