Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/222

Այս էջը հաստատված է

Ինքներդ տեսաք, թե անցյալ օր ինչ աչքով էր նայում նա գործի վրա...

— Օ՜, նա շատ բարի է. դուք նրա լեզվին մի նայեք,— բացականչեց Եվան։

— Նրա բարության մասին ես տարակույս չունիմ, օրիորդ. բայց ես նրա աննպաստ հայացքն եմ ասում, որով նայում էր վերջին շարժումների վրա։ Դժբախտությունն այն է, որ մենք չենք կարող գործը հրապարակի վրա դնել, որպեսզի ամենքի համար պարզ լինի, որպեսզի ոչ ոք չկասկածի, թյուր կարծիքներ տանելու տեղիք չունենա։ Այդ, իհարկե, շատ ցավալի է և շատ է վնասում մեզ։ Բայց ո՞ւր կգնար, եթե այդպիսի բաներից հուսահատվեինք։ Մենք հավատում ենք մեր գործի սրբությանը և հանուն այդ գործի պատրաստ ենք ամեն հալածանք տանելու։ Զրպարտությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի. դա մի ժանգոտ զենք է, որ կեղտոտում է միայն, բայց ոչ սպանում։ Ե՞րբ և որտե՞ղ չեն հալածել հասարակական գործչին։ Եվ հալածանքն այնքան սաստիկ է լինում, որքան հասարակական գործիչը բարձր է լինում կանգնած ամբոխի հոգու և մտքի ըմբռնողությունից։ Մեզ էլ հալածում են։ Է՛հ, թող հալածեն։ Մենք խո մեր անձնական շահերի համար չենք գործում, որ վախենանք։ Մենք միայն ցավում ենք, որ մեզ հալածելով ազգի շահերն են հալածում, այսինքն այն շահերը, որոնց օգտին աշխատում ենք մենք, որոնց պաշտպանությանը նվիրել ենք մեր կյանքը։ Ո՞ւմ համար խաշվեց քրիստոսը.— հենց այն ամբոխի համար չխաչվե՞ց, որը խաչեց նրան։ Մեզ համար առանձնապես գործի դժվարությունն ա՛յն է, որ հալածանքը մեր դեմ երկու կողմից է — ներքին և արտաքին: Մենք աշխատում ենք խուսափել արտաքին հալածանքներից, բայց արի տես, որ ստիպված ենք ներքին հալածանքների դեմ էլ կռվելու։ Այս իսկապես խիստ տրագիկական դրություն է։ Այսպիսի դրության մեջ, իհարկե, մեծ ուրախություն և խրախուսանք է մեզ համար, որ մեր ներքին հալածողների դեմ գտնվում են անհատներ, որոնք համակրում են մեր վարած դատը և այդպիսով մի տեսակ գործակից են հանդիսանում մեզ այդ դատի պաշտպանության համար։ Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ հասարակության մեջ որքան