Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/224

Այս էջը հաստատված է

իր սևին տվող ժապավենով։ Հանդարտ ու դանդաղ շարժվում էր այդ ժապավենը։ Խուլ ու միահավասար լսվում էր գետի հոսանքի հետ առաջ ընթացող սառցաշերտերի ֆշշոցը։

Շահյանի աչքերը մխված էին մնացել գետի հոսանքի մի կետի վրա, ուր կամրջի բարձրությունից լապտերներից մեկի լույսը խավար կերպով անդրադառնում էր ջրի մեջ։ Գետի հոսանքն այդտեղ արագ, խորհրդավոր և սարսափելի էր թվում։ Շահյանի աչքերը կարծես մագնիսացել էին այդ տեղում։ Նա բռնել էր կամրջի վանդակապատից, և մատները ջղային ուժգնությամբ սեղմում էին սառը երկաթը։ Հանկարծ նրան թվաց, թե ոտներն իրենք իրենց բարձրանում, անցնում են վանդակապատի այն կողմը, մատներն ուղղակի ցցվում են երկաթի մեջ և... Նա ետ քաշվեց և աշխատեց կարելույն չափ շուտով անցնել կամուրջը։

Մայրը զարմացավ, որ որդին այդպես շուտ էր վերադարձել։

— Ինչո՞ւ այսպես վաղ եկար,— հարցրեց պառավը։

Շահյանը չպատասխանեց և ուղղակի անցավ իր ննջարանը։

Մայրը վախեցած հետևեց նրան։

— Լևոն ջա՞ն... ասա, է՛։

Շահյանը ուզեց պինդ գոռալ մոր վրա, բայց պատասխանեց հանգիստ ձայնով.

— Որովհետև ձանձրացա։

— Թե՞ հիվանդ ես,— չհավատալով հարցրեց մայրն անհանգստացած։

Շահյանը դարձյալ զսպեց իրեն, որ չգոռա։ Լուռ ու դանդաղորեն սկսեց շորերը հանել։

— Լևոն ջա՞ն... դու վախեցնում ես ինձ:

Շահյանը կատաղորեն սյուրտուկը հանկարծ շպրտեց աթոռի վրա։

— Հիմա շա՞տ պետք է զահլա տանես,— բռնկեց նա։— Հազար անգամ ասել եմ, որ, երբ վատ տրամադրության մեջ եմ լինում, մի՛ խոսիր ինձ հետ, հարցուփորձ մի՛ անիր, հանգիստ թող ինձ։ Երանի չէ՞ր լինի, որ միանգամից հիվանդանայի ու սատկեի, որ վերջապես պրծնեի քո ձեռքից...