Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/226

Այս էջը հաստատված է

Կարծես մեկը մահու չափ վիրավորել էր նրան, և նա երբեք չպետք է մոռանար այդ վիրավորանքը։

Թեյի ժամանակ եկավ կալվածների կառավարիչը — Ստեփանը։ Դա միջահասակ մի մարդ էր խիստ մազակալած երեսով. արխալուղի վրա հագած էր հնամաշ մի սյուրտուկ, որի օձիքը պլպլում էր քրտինքի կեղտից։ Բացի Շահյանի կալվածներին վերահսկելուց, նա դալալի բազմազան արհեստով էր պարապում։ Վերջին հանգամանքը նրան վերին աստիճանի լեզվանի, խորամանկ և հաճոյախոս էր դարձրել իր գրպանի օգտին։ Ում հետ էլ որ գործ ունենար, անկարելի էր, որ չխաբեր նրան. իսկ Շահյանին խաբում էր ամեն մի քայլափոխում։

Նա պատմեց փակ խանութներից մեկի կտրան փուլ գալը և ասաց, որ քաղաքային վարչության և ոստիկանության կողմից մարդիկ էին եկել, որոնք, բոլոր խանութները դիտելուց հետո, գտել էին, որ ամբողջ շենքը պետք է հիմքից քանդվի, այլապես, խիստ խարխուլ լինելով, վտանգ է սպառնում անցուդարձ անողներին տակովն անելու։

Շահյանին խիստ անհաճո թվաց այդ պատմությունը. տեսավ, որ այդ խանութների գործը պետք է բավական անհանգստություն պատճառի իրեն, ուստի առաջարկեց Ստեփանին, որ ծախի։

Ստեփանն ընդդիմացավ. ասաց, որ խանութները թեև շատ էլ բանուկ տեղ չեն, բայց նոր որ շինվեն, լավ եկամուտ կբերեն։

— Չէ, ծախիր, չեմ ուզում,— կարճ կտրեց Շահյանը։

Ստեփանը, հակառակ իր ցանկության, ստիպված էր հնազանդվել։

Նա նոր էր դուրս գնացել, որ Շահյանի մոտ մտավ Բազենյանը խիստ ուրախ տրամադրությամբ։

Այդ անսպասելի այցը վերին աստիճանի անհաճո թվաց Շահյանին։ Ընկերոջ անհոգ, ուրախ դեմքն ու գեղեցիկ արտաքինն երբեք այնպես ատելի չէին թվացել նրան, ինչպես այժմ։ Բայց նրան ամենից ավելի ատելի թվաց Բազենյանի՝ սև շորի մեջ կախ արած ձեռքը։

Շահյանը աշխատեց սառն ընդունելություն տալ Բազենյանին և մինչև անգամ այնպես անել, որ նա հասկանա,