Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/229

Այս էջը հաստատված է

ոգևորված լինելով, այժմ խիստ զսպած, նույնիսկ սառն էր պահում իրեն։ Բայց նրա ձայնի մեջ հետզհետե և ավելի ու ավելի տիրապետում էր լսողին գերող այն տխուր լարը, որ հնչում է ուրիշի թշվառության համար անկեղծորեն ցավող մարդու ձայնի մեջ։ Նա խոսում էր ազգի թշվառության մասին։

Շահյանը պառկած էր, դեմքը շարունակ պատի կողմն արած։ Նա ուշի-ուշով լսում էր Բազենյանին և մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչ էր խոսում ընկերը, այլ այն մասին, թե ինչպես էր խոսում նա, թե ինչպես էր հնչում նրա ձայնը։ Եվ Բազենյանն այդ կողմից կատարյալ կախարդ էր թվում նրան։ Նա զգում էր, որ այդ գեղեցիկ երիտասարդը եթե ամենքի հետ էլ այդպես է խոսում, անկարելի է, որ չգերե նրանց, մանավանդ Եվային, այդ անկեղծ բուռն զգացմունքներով ապրող անփորձ աղջկան։ «Եվ ես ուզում եմ սրա հետ մրցե՞լ»,— մտածեց նա խորին դառնությամբ։

Երբ Բազենյանը գնաց, Շահյանը դեռ երկար ժամանակ պառկած էր նույն դրության մեջ։ Նա ընկել էր խորը մտածմունքների մեջ։ Հետո կամաց վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ և մի նամակ գրեց։ Գրելուց հետո կարդաց, բայց չհավանեց, պատռեց և մի ուրիշը գրեց։ Այդ էլ չհավանեց։ Այդպիսով մի քանի թուղթ գրելուց հետո վերջ ի վերջո գրելիքը խմբագրեց հետևյալ կերպով.

«Սիրելի ընկեր.

Իհարկե, հասկացար, թե իսկապես ինչու այնպես հանկարծ գրգռվեցի այսօր... Եվ թերևս ինձ խղճալուդ համար էր, որ չհարցրիր պատճառը։ Բայց և այնպես, անկեղծորեն պիտի խոստովանեմ քեզ այդ պատճառը. միտք էլ չունի, որ ծածկեմ:— Ես սիրում եմ Եվային, սիրում եմ անհույս, անպատմելի տանջանքով, որովհետև զգում եմ և հավատացած եմ, որ նա երբեք չպիտի կարողանա սիրել ինձ նման մի ողորմելի արարածի...

Տեսնում ես, ես խոսում եմ անկեղծորեն։ Եկ դու էլ ոչինչ մի ծածկիր ինձնից. ասա ուղղակի, որ արդեն սիրում ես նրան։ Ես համոզված եմ, որ նա էլ անտարբեր չէ դեպի քեզ, որովհետև ձեր ծանոթանալու առաջին իսկ րոպեից տեսա, որ դու զորեղ տպավորություն ես գործել նրա վրա։ Ուրիշ կերպ