Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/230

Այս էջը հաստատված է

անկարելի էր։ Նա այնքա՜ն զգայուն աղջիկ է... Թերևս ոչ ոք նրա հոգին այնպես չհասկանա, ինչպես ես։ Մի զարմանալ, որքան արտաքուստ մեռած եմ երևում, այնքան նուրբ է հոգուս ըմբռնությունը։

Լսիր, Բազենյան։ Այն օրից, որ իմ մեջ գիտակցություն է զարթել, ես միշտ թշվառ եմ զգացել ինձ։ Բայց այժմ իմ այդ թշվառությունը հասել է իր գագաթնակետին։ Ես տանջվում եմ, անասելի կերպով տանջվում։ Անհնար է, որ այլևս դիմանամ այդ տանջանքին։ Ի՞նչ արած, բնությունը զրկել է ինձ այդ քաջությունից։ Այս տանջանքին վերջ տալու համար մնում է երկու բան — կամ անձնասպանություն գործել, կամ վերջ դնել իմ ու քո միջև եղած բարեկամությանը։ Քեզ եմ թողնում —ընտրիր՝ որն ուզում ես... Այս մասին չեմ երկարացնում։ Հույս ունիմ, ինձ հասկանում ես... Ա՜խ, տուր ինձ հոգու անդորրություն, հոգու անդորրություն միայն, մնացածը,— աստված քեզ հետ,— մնացածը թող քեզ լինի. ես կհաշտվեմ դրությանս հետ...

Մնաս բարյավ, երջանիկ ընկեր, կրկին անգամ մնաս բարյավ։

Քո դժբախտ Լևոն Շահյան»

Շահյանը խիստ հավանեց իր այդ նամակը, այնքան հավանեց, որ չծուլացավ մաքուր արտագրելու և արտագրածը մի քանի անգամ կարդալու։ Նամակը սպասածից ավելի հաջող էր դուրս եկել, թեև բոլորովին ուրիշ բնավորություն ուներ, քան մտադիր էր տալ սկզբում։ Ինչ-որ սրտաշարժ բան էր նկատում իր գրածի մեջ և հենց սրտաշարժ բանն էր, որ հավանում էր։

Նամակը փակելով ծրարի մեջ, տվեց ծառային, որ տանի հանձնի Բազենյանին «Լոնդոն» հյուրանոցում։

13

Ծառան վերադարձավ և հայտնեց, թե Բազենյանը տանը չէր, ուստի նամակը տվել է հյուրանոցի դռնապանին, որ նրան հանձնի։ Շահյանը համոզված էր, որ եթե ոչ այդ օրը, գոնե հետևյալ օրն անպատճառ պատասխան կստանա։ Բայց