Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/234

Այս էջը հաստատված է

շուտով վերջացնելու,— կհեռանայի հենց այսօր ևեթ։ Սակայն այդ միևնույն է. այսօրվանից այլևս երբեք չեմ տեսնիլ Եվային և կաշխատեմ մտքիցս ու սրտիցս հանել նրա պատկերը:

Ի վերջո պարտավորությունս եմ համարում հատուկ շնորհակալությունս հայտնել քեզ, որ իր ժամանակին հանեցիր ինձ ինքնամոռացությունիցս և, թեև անուղղակի, հիշեցրիր ինձ վեհ նպատակը։ Ուրեմն մնաս բարյավ, իմ անգին ընկեր։ Մնաս բարյավ և դո՛ւ, Եվա։ Ես գնում եմ այնտեղ, ուր պարտավոր եմ գնալ... Թեև հույս չունիմ, թե կենդանի կմնամ այնտեղ, բայց այս անակնկալ դեպքից հետո մահն ավելի ևս քաղցր կլինի ինձ համար։

Կրկին անգամ մնաս բարյավ, իմ անգին, իմ ազնիվ, իմ անկեղծ ընկեր։

Ընդմիշտ քո Սուրեն Բազենյան»։

Շահյանը չկարողացավ միանգամից ըմբռնել այդ նամակի միտքը։ Կարդաց երկրորդ անգամ, երրորդ անգամ... և հետզհետե ազդվելով, ընկղմվեց ծանր մտատանջության մեջ։

Մի՞թե, հիրավի, Բազենյանն այդ աստիճան վեհանձն, անձնազոհ և հայրենիքին այդպես նվիրված երիտասարդ էր։ Մինչդեռ ինքը Շահյանը, իր համար անհաջող և անհույս սիրո մեջ նրա ախոյանը հանդիսանալով, լցվել է դեպի նա չար նախանձով ու ատելությամբ,— Բազենյանն, ընդհակառակը, քրիստոնեական ամենամեծ պատվերի հետևող էր հանդիսանում, իր բախտը, իր երջանկությունը զոհում էր ընկերոջ օգտին։

Այդ այնքան պարզ էր Բազենյանի նամակից, որ Շահյանը մինչև անգամ զզվանքով ամաչեց դեպի նա տածած իր փոքրոգի և նախանձոտ ատելությունից։

Սակայն այդ ատելությունն այժմ չքացավ միանգամից։ Շահյանը զգում էր այժմ, որ պատրաստ է առաջվանից է՛լ ավելի բուռն զգացումով սիրելու և հարգելու Բազենյանին, եթե նրա հոգին չդառնանար այն գիտակցությունից, թե՝ միևնույն է, Եվան Բազենյանի հեռանալով խո չի փոխիլ իր համակրությունը. ընդհակառակը, իբրև չափից դուրս զգայուն աղջիկ ավելի ևս կսիրե անձնազոհ և հայրենիքի ազատության