Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/235

Այս էջը հաստատված է

գործին նվիրված Բազենյանին, իսկ իրեն, Շահյանին, ատելով կատի, երբ իմանա, որ իր սիրած երիտասարդին իրենից անջատողը այդ չնչին, ողորմելի Շահյանն է։

Վերջին միտքը խելագարեցնելու չափ անտանելի թվաց Շահյանին։ Նա ապշեց։ Ի՞նչ միտք ուներ, որ խառնում էր Եվայի և Բազենյանի միջև սկսված հարաբերություններին, քանի որ հենց սկզբից համոզված էր, որ նրանց սրտերն արդեն կապված են իրար հետ, և Եվան ոչ մի կերպ չի կարող սիրել իրեն։ Ճիշտ է, Բազենյանին իր նամակը գրեց այն մտադրությամբ միայն, որ նա հեռու մնա իրենից, որպեսզի ինքը կարողանար հոգու անդորրություն գտնել, բայց ինչպե՞ս չէր հասկանում, որ իր նամակն իսկապես օտար նախանձով լցված սրտի խուլ ու ապօրինի մի բողոք էր այն երջանկության մեջ, որ պիտի ունենային Եվան ու Բազենյանն իրար սիրելով։ Մեղավո՞ր էր Եվան, որ համակրում էր Բազենյանին. մեղավո՞ր էր Բազենյանը, որ համակրում էր Եվային։ Ինչո՞ւ նրանց թշվառության պատճառ է դառնում։ Ի՞նչ իրավունքով։ Եսասեր մարդու ստոր նախանձի արդյունք չէ՞ արդյոք իր վարմունքը։

Շահյանը քստմնեց իրենից։ Այս անգամ զգաց, որ իր հոգին անդորր կարող էր լինել այն դեպքում միայն, երբ ամենևին չգրեր իր նամակը Բազենյանին և շարունակեր նրա հետ իր առաջվա բարեկամությունը։ Այո՛, հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ ինքը տանջվի ուրիշի պատճառով, քան թե զգա, որ ինքն է պատճառն ուրիշի տանջանքի,— մտածում էր Շահյանը։

Շահյանի հանգիստը միանգամայն կորել էր, և նա որքան շատ էր մտածում իր վարմունքի մասին, այնքան ավելի ու ավելի զգում էր, որ արդարանալու ոչ մի կետ չունի։ Նրան թվում էր, թե մարդ է սպանել և ոչ մի զղջում չպիտի կարողանա քավել այդ հանցանքը։

Բազենյանի դրությունը նրան պարզապես տրագիկական էր թվում։ Եվ նա զգում էր, որ Բազենյանին ոչ թե միայն այլևս չի ատում և չի կասկածում նրա վեհ առաքելության մասին, այլ այդ երիտասարդը չափից դուրս բարձրացել է իր աչքում։