Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/239

Այս էջը հաստատված է

— Բայց, ախր, դու չհասկացար ինձ...

— Սպասիր։ Վատ բան արած կլինեիր նրանով, որ...: Ինչպե՞ս չհասկացա քեզ։ Ուզում եմ ասել, որ նամակովդ ակամա առիթ ես տվել ինձ հեռանալու Եվայից, որ դու ամենևին ի նկատի չես ունեցել, թե նամակդ ինձ համար, քո կարծիքով, այդպիսի ծանր հետևանք կունենա, որ հենց այդ բանի համար էլ խիղճդ տանջում է քեզ։ Այդպես չէ՞:

— Այո։

— Տեսնում ես, որ հասկացել եմ։ Ա՛յ, դու չես հասկացել քեզ գրած պատասխանիս միտքը... Դժբախտաբար, ժամանակ չունիմ, Լևոն, երկար խոսելու,— մի շատ կարևոր գործի համար շտապում եմ մի տեղ,— բայց որպեսզի քո գովելի բարեսրտությամբ շատ էլ չչափազանցնես դրութունս, ահա թե ինչ պետք է ասեմ քեզ։ Իրավ է, Եվան ինձ վրա մեծ տպավորություն է թողել. ընդամենը մի քանի անգամ եմ տեսել նրան, և նրա մոտ լինելը, նրա հետ խոսելը միշտ մեծ հաճույք է պատճառել ինձ, բայց միայն այդքան։ Այն զգացումը, որ ես տածում եմ դեպի նա, սեր չէ, ինչպես դու ես կարծում. հետևաբար այդ զգացումը մեռցնելու համար մի առանձին դժվարություն չկա։ Բավական է, որ հեռու մնամ, և ամեն բան կվերջանա ինքնըստինքյան։ Առանց այդ էլ շուտով պետք է հեռանայի այստեղից, և եթե մինչև այժմ մնում եմ այստեղ, պատճառը մեր գործի հետ կապ ունեցող մի քանի անակնկալ հանգամանքներ են։ Գուցե, քեզ գրած պատասխանիս մեջ, նամակիդ ազդեցության տակ, փոքր-ինչ չափազանցրել եմ դրությունս, բայց այժմ դեպի Եվան տածած զգացումս բոլորովին պարզ է ինձ համար։ Ծանոթանալուս առաջին օրերն էին... Եվան շնորհալի, հետաքրքրվող, ինքնուրույն, գեղեցիկ աղջիկ է, որպիսին առաջին անգամն եմ պատահում հայ աղջիկների մեջ... Վերջապես, ինքս խիստ տպավորվող եմ... Է՛հ, այդպիսի պայմաններում շատ հասկանալի է, որ փոքր-ինչ ինքնամոռացության մեջ ընկնեի։ Բայց, փառք աստծո, այժմ բանը չի կարող հեռու գնալ, որովհետև... շնորհակալ եմ, քո և միայն քո նամակի շնորհիվ ես, բարեբախտաբար, խոհեմություն ունեցա իր ժամանակին զսպելու ինձ և ետ քաշվելու: