Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

եմ երկնքի որոտումից, մանավանդ գիշերը, երբ ամեն ձայն լռած է շուրջդ։ Կարծում եմ, թե ահա որտեղ որ է կայծակ պիտի ընկնի և— ուղղակի մեր տան վրա։ Մերոնք ամենքն արդեն քնած էին։ Ես էլ նոր էի պառկել։ Աշխենն էր միայն զարթուն իր սենյակում, որ իմ սենյակին կից է։ Նա միշտ ամենից ուշ է քնում։ Ճրագը հանգցրել էի։

Սենյակս այնպես լուսավորվում էր փայլատակումներից, որ թվում էր ինձ, թե վերմակի տակ, աչքերս փակած ժամանակ անգամ տեսնում եմ այդ էլեկտրական սարսափելի լույսը։ Դողը բռնել էր ամբողջ մարմինս։ Վերջը, երբ տեսա, որ այլևս չեմ կարողանում դիմանալ, վեր կացա և գնացի Աշխենի մոտ, որ մենակ չլինեի։ Երևակայեցեք. նա բաց էր արել լուսամուտը, կանգնել էր առաջին և նայում էր երկնքին։ Նույն րոպեին, երբ ես մտա նրա սենյակը, հրեղեն փայլակն օձի նման սողաց մութ երկնքի վրայով և մի քանի վայրկյան հետո երկինքն այնպես ճայթեց, որ ես ճչացի սարսափահար և փռվեցի հատակի վրա։ Աշխենը վեր կացրեց ինձ, լուսամուտը փակեց, և տեսնեմ ծիծաղում է։ Բարկությունս բռնեց։ «Ես,— ասում եմ,— քիչ էր մնում այստեղ վախից մեռնեի, իսկ դու ծիծաղում ես։ Եվ ինչպե՞ս չես սարսափում այդ փայլատակումներից, այդ ահարկու ձայներից»։— «Սարսափո՞ւմ,— զարմացավ նա։— Ընդհակառակը. ես սաստիկ սիրում եմ տարերքի այդ կատաղությունը, որովհետև վերին, իդեալական ուժի մասին ոչինչ ինձ այնքան պարզ ու շոշափելի գաղափար չի տալիս, որքան այն, երբ մութ երկինքն այդպես հանկարծ փայլատակում և ճայթում է։ Ինձ թվում է, թե,— ավելացրեց նա,— այդ բոլորն ավելի հրաշալի պիտի լինի ծովի վրա, փոթորկի ժամանակ, եթե նավով ճեղքում ես անհայտ անհունը»։ Ահա թե ինչ բանի համար է սիրում Աշխենն իմ ասած սարսափելի եղանակը։

Շահյանն ակամա մտախոհության մեջ ընկավ։

— Մի՞թե օրիորդը ձեզ հետ է ապրում,— հարցրեց նա։

— Այո, Աշխենը մեզ մոտ է ապրում։ Նա բոլորովին որբ է... Սուրեն, մրսո՞ւմ ես։

— Ոչ,— պատասխանեց Սուրենը և պինդ կպավ քրոջ կողքին։