Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/240

Այս էջը հաստատված է

Այն գործը, որին նվիրված եմ ես, պահանջում է ամենից առաջ անձնուրացություն, իսկ սիրո մեջ իր շրջանակից դուրս չկա այդպիսի անձնուրացություն։ Ժողովրդական գործին նվիրված մարդը կատարելապես ազատ պիտի լինի անձնական զգացումներից, գոնե նա չպետք է թույլ տա, որ այդ զգացումները գերիշխող դեր կատարեն իր կյյանքի մեջ. իսկ սիրո զգացումն այն առանձնահատկությունն ունի, որ մարդուն ամենանեղ եսասեր է դարձնում։ Քիչ չի պատահել, որ մարդիկ հայրենիքի դավաճան են հանդիսացել նրա համար միայն, որ սիրել են: Այդ դավաճանությունն եղել է գիտակցաբար և անգիտակցաբար։ Անգիտակցաբար դավաճաններից մեկն էլ ես կարող էի հանդիսանալ. անձնատուր կլինեի սիրո հրապույրներին և... այդ հրապույրներից դուրս թեկուզ ամբողջ աշխարհը կործանվեր, այդ մասին ես ամենևին չէի հոգալ։ Մինչդեռ ես ընկերներ ունիմ... նրանք գործում են... հավատում են, որ ես էլ ցմահ իրենց հետ եմ... ես ինքս եմ խոսք տվել... մենք ուխտել ենք միասին, և ինչպե՞ս կարող եմ դրժել իմ խոսքը, իմ ուխտը... Ահա՛ թե ինչու համար եմ ասում, որ վատ բան արած կլինեիր, եթե չգրեիր ինձ այն նամակը,— մի նամակ, որը սթափեցուցիչ մի դեղ էր ինձ համար։

Բազենյանը խոսում էր հանգիստ և իր մտքերին անձնատուր եղած մարդու ոչինչ չտեսնող հայացքով նայում էր գետի խաղաղ ընթացքին։ Այդ միջոցին նրա ամբողջ արտաքինն այն աստիճան ազդու կերպարանք էր առել, նրա հանգիստ ձայնի մեջ այնպիսի վշտաբեկ մի լար էր հնչում, որ Շահյանը զգաց, թե նրան երջանկացնելու համար պատրաստ է զոհել ամեն բան, ինչ կարող է։

— Լսիր, Բազենյան,— ասաց նա կամաց, բռնելով նրա թևից։— Իմ կարծիքով, սերն արգելք չպիտի լինի քեզ, որ շարունակես գործել հայրենիքի համար, մանավանդ Եվայի պես մի աղջկա սերը...

Բազենյանը չպատասխանեց։ Նա շարունակ նայում էր գետի հոսանքին, բայց այս անգամ հոնքերը կիտեց, և նրա մտախոհ հայացքը փոքր-ինչ խիստ արտահայտություն ստացավ։

Շահյանը կարճ լռությունից հետո ավելացրեց.