Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/246

Այս էջը հաստատված է

Նրա դեմքը վառվում էր հոգեկան բերկրանքով։ Եվայի հանդիպումն այդ րոպեին մի կատարյալ երջանկություն էր նրա համար։

— Ներեցեք, չնկատեցի,— պատասխանեց նա Մարությանի նկատողությանը, և իսկապես որ չէր նկատել նրանց։

Մի րոպե կանգ առնելով, նրանք երեքը միասին շարունակեցին ճանապարհը։

— Ներելի է,— ասաց Մարությանը,— որովհետև շտապում էիք, երևի ցրտից շուտով պատսպարվելու համար։ Տեսնո՞ւմ եք, ի՛նչ փառավոր ցուրտ է։ Բայց լազաթ ունի, որ սառած գետնի վրա ման ես գալիս այսպես կտկտալի։ Ինձ որ հարցնեք, ձմեռն էլ ունի իր բանաստեղծական հրապույրները։ Օրինակի համար մեկ նայեցեք երկնքին, ո՞ր մի գարնանային գիշեր երկնքի կապուտակն այնպես ամուր է լինում, այնպես հաստատ, ինչպես այժմ. ե՞րբ եք տեսել, որ աստղերն այնպես մեծ երևան, այնպես հուրհրատին տան, ինչպես այս գիշեր...

Մարությանն աչքերը հեռացրեց երկնքից, նայեց Շահյանին և ծիծաղեց։

— Երևակայում եմ, թե ինչքա՛ն ծիծաղում եք ինձ վրա մտքներումդ,— բացականչեց նա։

— Ընդհակառակը, ես նախանձում եմ ձեր ոգևորությանը։

Մարությանը առավ նրա թևը։

— Որ այդպես է, երիտասարդ բարեկամ, դուք դեռ շատ բանում պիտի նախանձեք ինձ... Աղջիկս է միայն, որ,— չգիտեմ, ճշմարիտ, այս ի՞նչ փոփոխություն է,— ոչ ոգևորվում է, ոչ խոսում։ Ասացեք խնդրեմ, կարելի՞ է այսպիսի մի հրաշալի գիշեր ման գալ լուռ ու մունջ. իսկ մենք, ես ու աղջիկս, ահա մի ժամ է, որ դուրս ենք եկել մի քիչ սառն օդ կուլ տալու, և, բացի մի քանի կցկտուր խոսքերից ուրիշ ոչինչ չեմ լսել սրա բերանից։ Մտածում է, ինչ-որ խորին խորհուրդներ է խորհում, բայց թե ինչ բանի մասին,— այդ բարձրյալին է հայտնի։

Եվ Մարությանը, դեմքին ծաղրական արտահայտություն տված, ուսի վրայից նայեց աղջկա դեմքին. կարծես, ուզում էր գրգռել նրան, որ զայրանա, խոսի։