Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/249

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ եք ասում, այսպես վա՞ղ։

— Այո, ես, որ գնացի, արդեն պատրաստվում էր քնելու։ Ասաց, որ շատ հոգնած է։

— Է՜,— հուսահատորեն թափահարեց ձեռքը Մարությանը։— Ես զարմանում եմ, ճշմարիտ, ինչո՞ւ էլ չեկավ մեզ մոտ։ Ախր դուք չգիտեք, պարոն Շահյան, բանն ինչումն է։ Երկար ժամանակ է, որ մենք նամակ չունենք մեր որդուց։ Վերջին անգամ, որ Բազենյանը մեր տանն էր ճաշին, ասավ, որ գնալու է այն կողմերը։ Հիմա մենք մտածել ենք, որ նրա ձեռքով մի նամակ ուղարկենք մեր որդուն և ուզում ենք խնդրել, որ եթե աստված մի արասցե, որևէ բան է պատահել նրան, տեղեկություն տա մեզ։ Իսկ դուք ասում եք, թե շուտով գնալու է և հազիվ թե գա մեզ մոտ։ Հիմա ինչպե՞ս անենք, որ տեսնենք նրան։

— Վաղն առավոտ անցիր նրա մոտ, ի՞նչ կա որ,— ասաց Եվան։

— Բանն ա՛յն է, թարսի պես, որ հենց վաղն առավոտ ես ժամանակ չունիմ։ Ա՜խ, ինչ լավ կլիներ, որ հիմա գնայինք։ Սպասիր, գիտե՞ս ինչպես կանենք։ Պարոն Շահյան, դուք խո վաղը կտեսնե՞ք նրան։

— Չգիտեմ, ճշմարիտ...

— Չէ, անպատճառ տեսեք։ Հատուկ խնդրում եմ, պարոն Շահյան: Եվ ասեք նրան, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպի մեզ։ Խոստանո՞ւմ եք։

Թեև Շահյանը խոստացավ, որ այդպես կանի, բայց մտքումը վճռեց, որ այլևս երբեք չհանդիպի Բազենյանին։

Ինչքան էլ որ նա հենց սկզբից համոզված էր, և շատ բնական էր համարում, որ Բազենյանի՝ իր խոստման հավատարիմ մնալը, այսինքն՝ Եվայից ընդմիշտ հեռանալը ոչ թե չի թուլացնիլ Եվայի մեջ դեպի նա ծագած սերը, այլ ընդհակառակը, ավելի ուժ կտա այդ սիրույն, այնուամենայնիվ, այն ժամանակ նա գաղտնի, վախկոտ ուրախությամբ պարուրում էր իրեն այն հույսով, թե կարող է պատահել, որ Եվան, եթե ոչ շուտով, գոնե ժամանակի ընթացքում, բոլորովին մոռանա Բազենյանին, և այնուհետև ինքը, Շահյանը, եթե քաջություն ունենա խնդրելու նրա ձեռքը, գուցե նա չմերժի։ Բայց այժմ, տեսնելով Եվայի տենդային