Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/25

Այս էջը հաստատված է

— Իսկույն տուն կհասնենք, չքնես։ Դուք ո՞ր փողոցումն եք ապրում, պարոն Շահյան։

Շահյանը տվեց իրենց փողոցի անունը։

— Ո՜ւու,— բացականչեց Եվան,— ուրեմն դուք կիջնեք ճանապարհին։

— Ոչ. ինչպե՞ս կարելի է, օրիորդ. մինչև ձեր տուն ճանապարհ կդնեմ ձեզ, հետո ետ կդառնամ։

— Նեղություն չի՞ լինի ձեզ համար։

— Ի՞նչ նեղություն։

— Ուրեմն շնորհակալ կլինեմ։ Ո՜ւֆ, ինչպես խոնավ է օդը։ Սարեն, խո չե՞ս քնում։

— Ոչ,— պատասխանեց Սուրենը շալի տակից։

— Դուք եղբայր ունի՞ք, պարոն Շահյան։

— Երեք եղբայր ունեի։ Մեռան։ Երեքն էլ մի ամսում։

— Մի՜ ամսում... երեքն էլ,— արտասանեց Եվան սարսափած։— Այդ ի՞նչպես կարելի է։ Երևի կատակ եք անում, հա՞։

— Այստեղ ի՞նչ կա կատակ անելու։

— Երեքն էլ մի՜ ամսում, տե՛ր իմ աստված... Այդ սարսափելի է։ Դրանից խո գժվել կարելի է... Ինչի՞ց մեռան։

— Դիֆտերիտից։

— Ա՜խ, այդ դիֆտերի՜տը, այո դիֆտերի՜տը,— շշնջաց Եվան, ավելի ևս պինդ գրկելով փոքրիկ եղբորը։— Երևի փոքր էին, հա՞։

— Ամենից փոքրը երեք տարեկան էր, ամենից մեծը,— տասը տարեկան:

— Ա՜խ, խե՜ղճ, խե՜ղճ մանուկներ... Դուք սիրո՞ւմ էիք նրանց:

— Իբրև եղբայր, իհարկե, սիրում էի:

— Իսկ քույր... ունի՞ք:

— Մի քույր ունեի, նա էլ մեռավ:

— Նա էլ... Տե՛ր աստված... Դուք սարսափելի բաներ եք ասում... Երևակայում եմ, թե ինչքան դժբախտ պիտի լինիք դուք, չէ՞:

— Իհարկե, մեծ դժբախտություն է, երբ մարդ զրկվում է երեք...